Պեկինը հերքել է չինացի զինվորականների մասնակց...

Չինաստանը զինծառայողների չի ուղարկել ռուս-ուկրաինական հակամարտությանը մասնակցելու համար, երկրի իշխանություններն իրենց քաղաքացիներից պահանջում են խուսափել ռազմական գործողություններին ներգրավվելուց։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Չինաստանի կառավարությունը միշտ իր քաղաքացիներից պահանջել է հեռու մնալ զինված հակամարտության գոտուց, խուսափել ցանկացած ձևով ներգրավվածությունից, մասնավորապես՝ զերծ մնալ կողմերից որևէ մեկի ռազմական գործողություններին մասնակցելուց», - ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին։

Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինն ստուգում է փաստերը՝ կապված այն պնդումների հետ, թե ՌԴ-ի ռազմական գործողություններին մասնակցում են Չինաստանի քաղաքացիներ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականների կողմից Չինաստանի երկու քաղաքացի գերի է վերցվել Դոնեցկի մարզում տեղի ունեցած մարտերի ժամանակ: Նրա խոսքով՝ ռուսական ստորաբաժանումներում ավելի շատ չինացիների առկայության մասին տեղեկություններ կան, որոնք ստուգվում են։ Զելենսկին նաև համապատասխան տեսանյութ էր տարածել՝ չինացի ռազմագերու կադրերով։

Իր հերթին, Ուկրաինայի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մա Շենկոնին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիհան։

«Մենք խոստորեն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Չինաստանի քաղաքացիների ներգրավումը Ուկրաինայի դեմ պատերազմին, ինչպես նաև նրանց մասնակցությունը ուկրաինական ուժերի դեմ մարտերին։ Մենք Ուկրաինայում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել ենք արտաքին գործերի նախարարություն՝ դատապարտելու այս փաստը և բացատրություն պահանջելու», - գրել է դիվանագետը։