Պատվաստման հարցում վարանելը խոր ազդեցություն...

Հետհամավարակային կյանքը վերաիմաստավորելու մասին իր բաց նամակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորն անդրադառնում է համավարակից քաղած հինգ դասերի․

Պատվաստանյութերի նկատմամբ վստահություն վերստեղծելը, երիտասարդների հոգեկան առողջությանն ու բարեկեցությանը անդրադառնալը, խտրականության դեմ պայքարելը, կլիմայի փոփոխության խնդիրներով զբաղվելը և թվային անջրպետը հաղթահարելը ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված երեխաներին վերաբերող ամենամեծ խնդիրներն են, որ ծառացել են միջազգային հանրության առջև: Այս մասին նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը իր տարեկան բաց նամակում։
 
Նամակում, որ հրապարակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի 75-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկի կապակցությամբ, Ֆորն ընդգծում է, թե ինչպես աշխարհի՝ համավարակի դեմ շարունակվող պայքարին զուգահեռ, մենք պետք է օգտագործենք համավարակով պայմանավորված հիմնական իրավիճակները` երեխաների համար ավելի հարմար աշխարհ կառուցելու նպատակով:
 
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրման 75-ամյակի մեկնարկին ընդառաջ պետք է հիշենք, որ այս կազմակերպությունը ստեղծվել է մեկ այլ պատմական ճգնաժամի՝ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, երբ կարելի էր հեշտությամբ կքել աշխարհը ցնցած պատերազմի հետևանքով երեխաների առջև ծառացած խնդիրների ծանրության տակ: Սակայն մենք արեցինք ամեն հնարավորը: Մենք ամբողջ աշխարհում կառուցեցինք առողջապահության և բարեկեցության նոր համակարգեր, հաղթահարեցինք սև ծաղիկն ու պոլիոմիելիտը, հիմնեցինք Միավորված Ազգերի Կազմակերպությունը»։
 
Պատվաստանյութերի հետ կապված, Ֆորը զգուշացնում է, որ պատվաստման հարցում վարանելը խոր ազդեցություն է թողնում համավարակը հաղթահարելու մեր կարողությունների վրա: Կառավարությունների, գործընկերների և դոնորների հետ պատվաստանյութերի ձեռք բերման և մատակարարման հարցերում համագործակցելուն զուգահեռ, գրում է Ֆորը, մենք պետք է նաև վստահություն ստեղծենք պատվաստանյութի հանդեպ, որպեսզի հանրությունն ընդունի դրանք։ «Առանց վստահության, պատվաստուկն ընդամենը թանկարժեք սրվակ է բժշկի սենյակում»։
 
Հոգեկան առողջության հետ կապված, Ֆորն ասում է, որ ՔՈՎԻԴ-19-ը նպաստել է երեխաների և երիտասարդների հոգեկան առողջության խնդիրների մտահոգիչ աճին և կոչ է անում միջազգային հանրությանը անել ավելին: «Երկրները բավարար ֆինանսավորում պետք է տրամադրեն խնդրի լուծման համար, զգալիորեն ընդլայնեն հոգեկան առողջության ոլորտում մատուցվող ծառայությունները և աջակցություն տրամադրեն երիտասարդներին համայնքներում և դպրոցներում, զարգացնեն ծնողավարման ծրագրերը, որպեսզի տանը պաշտպանության կարիք ունեցող, խոցելի ընտանիքների երեխաները կարողանան ստանալ անհրաժեշտ աջակցությունը», - գրում է նա։
 
Թվային մեկուսացումը հաղթահարելու հետ կապված Ֆորը մատնանշում է, թե ինչպես է համավարակային մեկուսացումը բացահայտել համացանցի հասանելիության անհավասարությունը: Երբ 2020 թվականի սկզբում բոլոր դպրոցները փակվում էին, աշխարհի դպրոցահասակ երեխաների 30 տոկոսն ի վիճակի չէր օգտվելու առցանց կրթական ծրագրերից։ Խոսքը այն նույն երեխաների մասին է, որոնց մի մասի համար որակյալ կրթության հասանելիությունը հազիվ թե հավանական է: Նամակը կոչ է անում վերաիմաստավորել կրթությունը, վերացնել թվային անջրպետը, որպեսզի թվային գործիքները խթան հանդիսանան կրթությունը վերաիմաստավորելու և դեպի ապագա քայլ անելու հարցերում:
 
Վերջապես, նամակում նշվում է, թե որքան կարևոր է ճիշտ օգտագործել այս պահը: «Միջազգային հանրությունը պետք է նպաստի վերականգնմանը, որը պետք է ներառական լինի և որի համար առաջնահերթություն պետք է լինի հօգուտ երեխաների ներդրումների իրականացումը»,- գրում է Ֆորը։ «Քանի որ այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է բոլոր երեխաների համար նոր ապագա կերտելու 75-ամյակը, եկեք լինենք երեխաների և երիտասարդների կողքին՝ հաստատակամության նոր ոգով՝ ստեղծելով հնարավորություններ, խանդավառելով և աջակցելով նրանց կյանքի բոլոր փուլերում»: