Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հերքում է մանդատ...

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում հերքեց մամուլի այն հրապարակումները, որ պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը և ստանձնել արդարադատության փոխնախարարի պաշտոնը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք խմբակցությունում կա՞ն պատգամավորներ, որոնք պատրաստվում են վայր դնել մանդատը՝ կապված ՍԴ դատավորների ընտրության հետ, Գրիգորյանն ասաց, որ խմբակցությունում, բացի աշխատանքային գործընթացից, այլ բան չի կատարվում:

Իշխող ուժի պատգամավորն անդրադարձավ նաև ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և«Հայրենիք»-ի նախաձեռնած հանրահավաքին: Գրիգորյանն ասաց, թե ցանկացած անձ իրավունք ունի ազատ հավաքներ հրավիրելու՝ պահպանելով օրենսդրական պահանջներն ու հակահամաճարակային կանոնները:

Գրիգորյանն ասաց՝ հանրության մեջ կան որոշակի դժգոհություններ, բայց դրանք այն ծավալի չեն, որ հանգեցնեն լուրջ զարգացումների: «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լիլիթ Ստեփանյանն էլ իր հերթին հավելեց, որ պետք է հաշվի առնել, որ ընդդիմությունը կարիք ունի որևէ գործողության շրջանակում պահպանել իր էլեկտորատը, հնարավորության դեպքում՝ նաև ավելացնել: