«Փաստ». Ի՞նչ է «եփվում» գազի գնի հարցով. «զիջ...

«Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցը հանրության ուշադրության կենտրոնում էր, քանի որ այդ այցի հետ է կապվում նաև քաղաքացիներին հուզող այնպիսի կարևոր խնդիր, ինչպիսին գազի գնի հարցն է, որը մեծ ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:

Սպասվում էր, որ Պուտինի այցի ընթացքում վերջապես կհստակեցվի գազի գնի հարցը, սակայն Փաշինյանը և Պուտինը երկու անգամ հանդիպում ունեցան և հանրությանն այդպես էլ չհայտնեցին՝ գազի գնի շուրջ խոսակցություն տեղի ունեցել է, թե ոչ: 

Եվ ահա հաջորդ օրը վարչապետի խոսնակը հայտարարում է, թե Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել է նաև գազի գնի թեման, սակայն երկրների առաջնորդները չէ, որ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն այս հարցով:

Եթե հիշում եք, հունիսին ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտնել էր, թե Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը։ Եթե այդ խնդիրը նախագահների մակարդակի հարց չէր, ապա այն չէր լինի Փաշինյան-Պուտին հանդիպումների քննարկման օրակարգում:

Ու ընդհանրապես, հետաքրքրական է, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 31-ին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ հեռարձակմամբ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ գազի գնի թեման բանակցությունների սեղանին է լինելու, և իրենք ամեն ինչ անելու են, որ սպառողների համար գազի գինը չբարձրանա: 

Ստացվում է, որ արդեն մոտ 10 ամիս է, ինչ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն դեռ հստակեցում չկա՝ գինը ինչ չափով է բարձրանալու, կամ ընդհանրապես բարձրացում տեղի ունենալու է, թե ոչ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վստահեցումներն էլ, թե չի լինի այնպիսի վիճակ, որ դեկտեմբերին ստիպված լինեն հայտարարել, թե հունվարի մեկից գազը թանկանում է, բավարար չեն: 

Նրա ասածից ավելի շատ կարելի է ենթադրել, որ թանկացում հաստատ լինելու է, ուղղակի ոչ հունվարի մեկից: Սակայն հարցն այն է, թե երբվանի՞ց։

Հնարավոր է՝ գարնանից, ու չի բացառվում, որ սա էլ հրամցվի որպես մեծ լավություն իշխանության կողմից: Դրա փորձն արդեն նախկինների օրոք ունեցել ենք: 

Բացատրենք: 

Մամուլում արդեն իսկ հրապարակումներ եղան, որ գազի գինն անպայման բարձրանալու է: Դա այլևս ոչ ոք չի ժխտում: Հարցը, փաստորեն, տոկոսներն ու ժամկետներն են: 

Ըստ շրջանառվող տեղեկությունների, ռուսական կողմը պնդում է 35-40 տոկոս բարձրացման մասին: Մասնագետները վստահ են՝ նման կտրուկ թանկացում չի լինի: Այսինքն՝ ի վերջո, գազը կթանկանա, բայց, ասենք, 20-25 տոկոսով:

Դա էլ է զգալի, հատկապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց համար, իսկ նրանք մեր հասարակության մեջ մեծամասնություն են: Այդուամենայնիվ, նման «զիջումը» կներկայացվի որպես մեր իշխանությունների մեծագույն հաջողություն ու լավություն մեր ժողովրդին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: