Փաշինյանը ընդունեց, որ հունիսի 20-ին պարտվելո...

Նախօրեին սկսված նախընտրական քարոզարշավի առաջին օրը աչքի ընկավ, ինչպես եւ կարելի էր սպանել, Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պոռթկումներով զուգորդված հայտարարություններով։ Ամենանիկոլական՝ Արմավիրի մարզում նա որոշեց, որ դիմելու է իր հին ու բարի մեթոդին՝ լյումպենացված «զոմբիլենդի ֆան ակումբի» մոտ խոսելու է համարժեք լպիրշ բառապաշարով եւ հիստերիկ պոռթկումներով։

Երեկվա նրա հայտարարությունները բնորոշ երեք հատվածներ ներկայացնենք․ «Էսօր Հայաստանում հենց քարոզարշավի առաջին օրվա արձագանքները դուք տեսեք, էլի սկսել են բայղուշությունների շարքը՝ Հայաստանում բախումներ են լինելու։ Բաղրամյան պողոտայում 500 դրամանոց քյաբաբ ուտողները բախվելու են ժողովրդի հե՞տ։ Չի՛ կարող որեւէ ուժ կանգնել ժողովրդի առաջ, դե՛ փորձեք, դե՛ փորձեք, կտրորե՛նք բոլորիդ, 500 դրամանոց քյաբաբ ուտողներ։ Եվ ես սա չեմ ասում՝ որպես վարչապետի պաշտոնակատար, ես ասում եմ՝ որպես Հայաստանի քաղաքացի։ Չի՛ լինելու հետընտրական բախում, չի՛ լինելու հետընտրական պրոցես, որովհետեւ հունիսի 20-ին ՀՀ բարձրագույն իշխանությունը՝ ժողովուրդը, ընտրական տեղամասում վերահաստատելու է իր իշխանությունը, իր ինքնիշխանությունը, իր քաղաքացիությունը, իր անկախությունը»։

«Երրորդ քվեաթերթիկը վերցնելով՝ դուք ՀՀ-ն օժտում եք մեր դիմակայությամբ քաղաքացիական պատերազմ հրահրող ուժերի դեմ ․․․ Ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ զենքի ցանկացած տեսակով։ Էս էլ մեր իշխանության գնահատականն է։ Համոզված եմ, որ այդ սուբյեկտը ստիպված է անձամբ զենք վերցնել, քանի որ Նաիրի Հունանյանը բանտում է։ Էն մյուսն էլ ասում է` եթե ես լինեի գերագույն հրամանատար, ես ինքս ինձ կգնդակահարեի, իսկ զենք-զինամթերքի 70 %-ը ձեռք է բերվել քեզնից հետո, բա ինչի՞ չես գնդակահարում քեզ դրա համար»։

Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ, ըստ մամուլի հրապարակումների, նախկին նախագահներից մեկի որդին 18 միլիոն դոլար կանխիկ փող է մուտքագրել սեփական հաշիվներին. «Դե արի ու մի ասա, այ բոմժեր, 18 հազար դրամ տեսա՞ծ էիք ձեր կյանքում, հիմա էլ 200 հազար դոլարանոց սաֆարիներ եք վայելում»։

Անդրադառնալով գերիների հարցին նա ոչ ավել ոչ պակաս ասել է․ «Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ այո՛, նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»։ Բերված հատվածները բավական են արձանագրելու համար, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է սաստիկ նյարդահուզական լարված վիճակում, գրեթե հիստերիկ նոպայի եզրին, կամ էլ նման նոպայի մեջ։

Նրա մոտ իրականությունն ու իր մտացածին պատկերացումները խառնված են իրար եւ դա զուգորդված արդեն նրա էությանը հատուկ՝ ատելության գեներատոր լինելու իրողությամբ, բերել են մի վիճակի, երբ պատրաստ է ցանկացած արկածախնդրության գնալու, ցանկացած դեռեւս չհատած կարմիր գիծ հատելու, միայն թե շարունակի մնալ իշխանության ղեկին։ Նա իհարկե հասկանում է, որ իր գնացքն արդեն գնացել է եւ պարտվում է, եւ փորձում է ուժերի գերլարումով ինչ որ բան գոնե անել, ինչ որ բան գոնե փախցնել, որովհետեւ ֆիասկոն նրա համար ամբողջական կործանում կարող է նշանակել։

Ու երբեք չի կարելի բացառել իր սիրած «արյան գետեր հոսեցնելուն» տանող զարգացումներ հրահրելը, նոր «մարտի 1» սարքելը։ Այս գերնյարդային իրավիճակին հակադրվում է ընդդիմադիր ուժերի, հատկապես «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների հանգիստ, հավասարակշռված ու աղմուկից զերծ, վստահ քարոզարշավը, որը իր հերթին վկայում է, որ ընդդիմադիրները տիրապետում են իրավիճակին, պատրաստ են պաշտպանելու Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն, երկրի եւ քաղաքացու շահերը եւ ավելորդ ջղաձգումների կարիք ամենեւին չունեն։