Փաշինյանը «վթարի» է ենթարկվել

Թբիլիսիում շաբաթներ առաջ տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Դա ըստ էության ռեգիոնալ զարգացման նախագիծ է։ Ինչ է այն ենթադրում։ Համաձայն ՀՀ կառավարության տեսլականի՝ դա նշանակում է բաց սահմաններ, ապաշրջափակված ենթակառուցվածքներ, ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր, որոնք իբրեւ թե լինելու են ռեգիոնալ խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման համար կարեւոր բաղադրիչներ։

Նախագիծը հատկապես կարեւորում է Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ կոմունիկացիաների զարգացումը։ Նախագծի շրջանակներում Հայաստանը պատրաստակամություն է հայտնում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցություն ապահովել՝ վերականգնելով ՀՀ տարածքում երկաթուղային 4 հատվածներ։

Փաշինյանական «Խաղաղության խաչմերուկի» ամենից էական սկզբունքներից մեկն էլ այն է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները եւ էլեկտրահաղորդման գծերը, գործում են այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնցով դրանք անցնում են, եւ յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական կառույցների միջոցով ապահովում է սահմանային եւ մաքսային հսկողություն եւ բոլոր ենթակառուցվածքների անվտանգությունը, ներառյալ տրանսպորտային միջոցների, բեռների եւ մարդկանց անցումը: Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել թե՛ միջազգային, թե՛ ներքին փոխադրումների համար, եւ երկրները բոլոր ենթակառուցվածքներն օգտագործում են փոխադարձության եւ հավասարության հիման վրա։ Սա ըստ էության Հայաստանը ակտիվ առեւտրատնտեսական գործունեության տարածքի վերածման նախագիծ է։

«Մետաքսի գագաթնաժողովից» հետո արդեն քանի շաբաթ է, ինչ Հայաստանի ողջ իշխանական համակարգը լծված է այդ նախագծի՝ ամենատարբեր առիթներին եւ ամենատարբեր հարթակներում լոբբինգ իրականացնելով։ Եւ Փաշինյանն է այդ մասին խոսում գիշեր ու զօր, եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը եւ այլն։
Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանն ակտիվ առեւտրատնտեսական գործունեության տարածքի վերածելով, կկարողանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «գայթակղել» եւ բերել այսպես ասած՝ «խաղի իր դաշտ»։ Մինչդեռ Ադրբեջանում պետական մակարդակով եւ պետական միջոցառումներով արդեն Հայաստանը քարտեզներով եւ դրանց կից մեկնաբանություններով, առանց որեւէ վարանման ներկայացվում է որպես Արեւմտյան Ադրբեջան, հայկական բնակավայրերն էլ ներկայացվում են ադրբեջանական տեղանվանաձեւերով։ Ադրբեջանական այս նկրտումները եթե համադրենք Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» հետ, ապա կարող ենք ասել, որ հենց իր իսկ հանրահռչակած «Խաղաղության խաչմերուկում» Նիկոլ Փաշինյանը պատկերավոր ասած՝ «վթարի է ենթարկվել»։ Ասել է թե՝ տուժողի վիճակում է հայտնվել։ Այն, որ տուժելու է Հայաստանը, դա անկասկած է, որովհետեւ փաշինյանական խաղաղասիրությունն ու ալիեւյան ամբիցիաներն ուղղակի անհամատեղելի են խաղաղ գոյակցության համար։ Միաժամանակ սակայն, դեռ պարզ չէ, թե այս անգամ Հայաստանը որքան կտուժի եւ ինչ բարդ վիճակում կհայտնվի։