Փաշինյանը ծանր ընտրության առաջ

Կրեմլի պաշտոնական կայքի համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին, նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու աթիռով։ Լուկաշենկոյին սկսել են շնորհավորել հետխորհրդային պետությունների մի շարք ղեկավարներ եւս։ Շնորհավորել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, սակայն դեռեւս շնորհավորանք չի հրապարակվել ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ ուղղություններով դաշնակից Բելառուսի նախագահին։ Արդյոք այս ուշացումը պատահականություն է, թե հատուկ մեսիջ է ուշացնելով, հասկացնում Երեւանը, դժվար է ասել։

Փաշինյանն իրականում երկընտրանքի առաջ է։ Եթե նա շնորհավորի, ապա կնշանակի, որ թքում է իր անցյալի և իշխանության գալու ճանապարհի վրա։ Այս պահին Մինսկում զանգվածային անկարգություններ են ու կրկնվում են բոլոր այն գործողությունները, որոնք այստեղ բանեցնելով Փաշինյանը եկավ իշխանության։ Իսկ եթե չշնորհավորի, ապա կարող է խնդիրներ ունենալ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում։ Լուկաշենկոն վստահաբար այս ամենն անձամբ իր դեմ արված քայլ կհամարի ու կփորձի պատասխան հակաքայլով հանդես գա, երբ արդեն իր երկրում իրավիճակը հանդարտվի։

Մինսկում տեղի ունեցող իրադարձությունները նոր փորձություն են Փաշինյանի համար։ Փորձությունից դուրս գալու նրա կարողությունը ցույց կտա, թե այս ընթացքում որքան լավ է հասկացել աշխարհաքաղաքական խաղերը և այդ խաղերում մեր պետության շահերը պաշտպանելու միջոցները։