Փաշինյանը սխալ ճանապարհ է ընտրել

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Ասում են, որ հերթի մեջ է նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Հասկանալի է, պատճառը երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելն է։

Դժվար է ասել, Փաշինյանն անձամբ ուզում է, որ ճգնաժամը հանգուցալուծվի, թե նրան դուր է գալիս այս անբնական ու տհաճ վիճակը։ Սակայն այս հանդիպումներով կարծես թե փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ քաղաքական կոնսուլտացիաներ են արվում Հանրապետությունում քաղաքական կյանքը բնականոն հուն բերելու ուղղությամբ։

Եթե իրոք Փաշինյանն անկեղծ է եւ ուզում է, որ իրապես երկիրը ճգնաժամից դուրս գա, կյանքը վերադառնա բնականոն հուն, ինքն էլ քաղաքական կենսագրությունը չավարտի որպես «բռնապետիկ», պատմության լուսանցքում, որովհետեւ եւ ոչ մի բռնապետություն հավերժ չի ձգվել, ապա պետք է հանդիպումների շրջանակը ընդլայնի եւ հանդիպումներ սկսի արտախորհրդարանական ընդդիմության հետ բայց լուրջ ուժերի եւ ոչ ասենք՝ մարդ-կուսակցությունների, իր սրտի ընդդիմություն Արամ Սարգսյանի կամ ինքն իրեն անկած հռչակած Արման Բաբաջանյանի եւ համանման այլ օբյեկտների ու սուբյեկտների հետ, որոնց քաղաքական կշիռը ձգտում է «մինուս» անսահմանության, եւ որոնք ընդամենը ֆոն ապահովելու դեկորների են վերածվել իր ձեռքում։

Արտախորհրդարանական ընդդիմության մաս կազմում են նաեւ հայտնի «Վեցի ֆորմատի» ղեկավարները, որոնց հետ եւս պետք է հանդիպի ու քննարկի իրավիճակը։ Հատկապես, որ ներքաղաքական օրակարգն այսօր հենց փողոց դուրս եկած ընդդիմությունն է թելադրում։ Իհարկե այդ ընդդիմության մաս ԲՀԿ-ն կազմում է, սակայն դա բավական չէ։ Միացյալ Նահանգների Պետդեպը բավական լավ տերմին ունի՝ «ինկլյուզիվ կառավարում» կամ «ներառական կառավարում»։

Փաշինյանին պակասում է հենց սա։ Երբ խորհրդարանական ընդդիմությունը ոչնչացված է ավելի քան 80 «ուսապարկերի» տիրապետությամբ, ու ընդդիմություն ասելով հասկացվում են միայն վերոնշյալ երփներանգ օբյեկտներն ու սուբեյկտները, ապա «ինկլյուզիվ կառավարման» մասին նույնիսկ ամենաջերմ ցանկության դեպքում հնարավոր չէ խոսել։ Թե չէ Հովիկ Աղազարյանից էլ կարելի է վաղը գրպանային ընդդիմադիր կուսակցապետ կերտել ու հավատ հաստատել, թե նրա հետ հարց քննարկելով, իրավիճակի հանգուցալուծման ուղիներ ես որոնում։