Փաշինյանը պետք է վախենա Ավինյանից․ հեղաշրջման...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ առկա վախերը կարծես խորացել են։ Նրա վերջին շաբաթների կեցվածքը ակնհայտ է դարձնում, որ նա վախենում է կորցնել իշխանությունը։ Բարձրաստիճան ուժայինների փոփոխությունները վկայում են, որ նա փորձում է քայլեր անել, որպեսզի ապահովագրի իրեն։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունն առավել է սրել է վարչապետ Փաշինյանի վախերը։ Փաշինյանն ըստ էության կարծում է, որ ընդդիմադիրները իրեն կտապալեն ու դա է պատճառը, որ ջղաձգումների մեջ է։

Երկրում ստեղծված իրավիճակը, սակայն այլ զարգացումների մասին են խոսում։ Այսօր Հայաստանում չկա ընդդիմադիր որևէ ուժ, որը կարողանա այնպիսի կոնսոլիդացիա ապահովել, որպեսզի տապալի այս իշխանություններին։ Ապագայում գուցե նման հնարավորություն լինի, բայց դա արդեն ապագայի հարց է։

Այս պահի դրությամբ Փաշինյանին կարող են տապալել միայն մեկ ճանապարով և այդ ճանապարհը պալատական հեղաշրջումն է։ Այսինքն միայն Փաշինյանի հետ քայլածները, նրա վերջին երկու տարվա գործունեությունը ծայրից ծայր իմացողները և այս պահին իշխանության մեջ գտնվողները կարող են տապալել նրան։

Եվ այս դեպքում Փաշինյանն  առավել շատ պետք է վախենա այսօր իր կողքին գտնվողներից, քանի որ նրանք ունեն ռեալ շանս պայմանավորվել դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ, մեկուսացնել Փաշինյանին և օրինակ հայտարարել, որ նա առողջական խնդիրների պատճառով չի կարող շարունակել ղեկավարել պետությունը։ Այս պրակտիկան կիրառելի էր հատկապես ԽՍՀՄ-ում, երբ առաջնորդներին հեռացնում էին առանց ֆիզիկապես ոչնչացնելու։

Փաշինյանի թիմում էլ շատ չեն այն գործիչները, որոնք կարող են իր դեմ դուրս գալ։ Պարզ է չէ, որ Փաշինյանին չի կարող տապալել պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը կամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրանք այդպիսի ազդեցիկ ֆիգուրներ չեն։ 

Իշխանության ներսում այս պահին Փաշինյանից հետո լրջագույն ազդեցություն ունեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նշված գործիչներից առավել մեծ հնարավորություններն ունի Տիգրան Ավինյանը։ Նա տարբեր պաշտոններում տեղավորել է իր ընկերներին և ծանոթներին։ Նրա վաղեմի ընկերն է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և եթե հավատանք հրապարակված լուրերին, ապա ոչ անմիջական, բայց  Ավինյանի հետ կապ ունի նաև ԱԱԾ նորանշանակ պետ Արգիշտի Քյարամյանը, ով ըստ լուրերի նշանակվել է Բադասյանի միջնորդությամբ։ Ավինյանի միջնորդությամբ պաշտոնյաներ են նշանակվել ոստիկանությունում, նա մտերիմ հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Իշխանական մեկ տասնյակից ավելի պատգամավորներ Ավինյանի թիմակիցներն են։ Նրա միջնորդությամբ են նշանակվել մի քանի մարզպետներ։

Եվ եթե ելնենք ողջամտությունից, ապա վարչապետ Փաշինյանն իր իշխանության պահպանման համար պետք է վախենա ոչ թե ընդդիմադիրներից, որոնք որևէ իշխանական գործիք չունեն իրենց ձեռքին, այլ իր թիմակիցներից և առաջին հերթին Տիգրան Ավինյանից։ 

Այս ամենով հանդերձ իհարկե մենք չենք պնդում, որ Ավինյանը պալատական հեղաշրջում է նախապատրաստում, բայց կարևոր է, որպեսզի վարչապետ Փաշինյանը հասկանա այս հանգամանքները ու իր վախերը փարատելու համար չփորձի ճնշումներ բանեցնել ընդդիմության վրա, որոնք օբյեկտիվ պատճառներով այս պահին չեն կարող սպառնալ իր իշխանությանը։