Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյ...

Մենք որոշում կայացրինք, որ ՀՀ բոլոր մարզերում պետք է  ունենանք մեր կուսակցության գրասենյակը, որպեսզի կարողանանք շփվել քաղաքացիների հետ հնարավորինս շատ։ Այս մասին, hraparak.am—ի  փոխանցմամբ, Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նշել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ինչն էր պատճառը իմ՝ քաղաքականությամբ զբաղվելու։ Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում։ Մենք պետք է կարողանանք նախ նոր գաղափարներով առողջացնենք քաղաքական դաշտը։ Այս իշխանության խնդիրն այն է, որ քննադատություն չեն ընդունում։ Հենց մեկը մի բան է խոսում, անմիջապես սկսում են ասել, թե սա սրա պատվերն է կատարում, նրա պատվերն է կատարում։ Ինձ պաշտոնանկ չեն արել, ես հրաժարական եմ տվել, պետք է ձևակերպումների մեջ ուշադիր լինել։

Իշխանությունները մատնանշում են բյուջե վերադարձած 43 միլիարդի մասին, որոնք բյուջե են վերադարձել իմ օրոք, իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել։

Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կամաչեմ, իմ ծառայության ընթացքում ես չեմ ունեցել»,- իր ելույթում նշեց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ վարչապետը պետք է հրաժարական տա.

«Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու»։

Վանեցյանի խոսքով՝ ինչպես բոլորը, ինքը ևս սխալներ, բացթողումներ ունեցել է.

«Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կամաչեմ, իմ ծառայության ընթացքում ես չեմ ունեցել»,- ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Վանեցյանն անդրադարձավ նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում իր ստացած պարգևավճարներին։

«Ես պարգևավճարներ ստացել եմ այնքան , ինչքան ստացել եմ մինչեւ ԱԱԾ տնօրեն նշանակվելս, այսինքն՝ միշտ եղել է պարգևավճարի ժամանակացույց , տարվա կտրվածքով ստացել ենք 3 անգամ պարգևավճար։ Իմ պարգևավճարներից գումարներ են հատկացվել տարբեր բարեգործական հիմնադրամների ,որոնց մասին չի բարձրաձայնվել, հիմա էլ կարիքը չեմ գտնում խոսելու դրա մասին»,- ասաց Վանեցյանը։

Կորոնավիրուսի դեմ պայքարում նման վիճակում հայտնվելու համար Վանեցյանը մեղադրեց վարչապետ Փաշինյանին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

«Ի սկզբանե վարչապետն  ու նախարարը պետք Է գործեին և պայքարեին համավարակի դեմ, բայց հիշում եք հայտնի  արտահայտությունները՝ «կորոնավիրուսը ում շունն է», «պինցետով կհանենք»։ Այսօր ինչ կատարվում է Հայաստանում, աղետ է, ուրիշ ոչինչ»,- հավելեց Վանեցյանը։

Վարչապետ Փաշինյանի  մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը վերջերս աղմկահարույց հայտարարություններ էր արել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված։ Խոսնակը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր. «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

Անդրադառնալով Գևորգյանի՝ իր անվան շուրջ կատարած ֆեյսբուքյան գրառումներին, Վանեցյանը նշեց.«Այդ տեղեկությունները ամբողջովին կեղծ են, այդ տեղեկությունների հերքման պահանջով իմ փաստաբանները դիմել են դատարան, առաջիկայում կլինեն դատական նիստերը և, կարծում եմ, դատարանը կտա բոլոր հարցերի պատասխանները։ Ես հերթական անգամ պնդում եմ՝ այդ տեղեկությունները ամբողջովին կեղծ են։ Ի՞նչ եք կարծում, եթե այդ տեղեկությունները իրոք ճիշտ լինեին, միայն հայտարարություննե՞ր կարվեին։ Եթե ճիշտ լինեին, կլինեին քրեական գործեր, կլինեին մեղադրանքներ։ Եթե ինձ մեղադրում են գործարանի սեփականատեր լինելու մեջ, թող վարչապետը անձամբ հաղորդում ներկայացնի հանցագործության կատարման մասին, եթե կպարզվի, որ մեղավոր եմ , կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ դրանք սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին՝ սուտ մատնության համար»,- ասաց Վանեցյանը։

Կուսակցության նախագահը, անդրադառնալով նաեւ եկեղեցու թեմային, նշեց , որ, միանշանակ, իշխանության կողմից եկեղեցու դեմ հատուկ կազմակերպված արշավ է եղել, որը շարունակվում է։

«Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում պետք Է լինի շատ բարձր և անսասան»,- նշեց Վանեցյանը։

Անդրադառնալով իր և իր նախկին ընկերոջ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններին, նշեց, որ Սիմոնյանին վերջին անգամ հանդիպել է 7-8 ամիս առաջ։