Փաշինյանը մեր հանրության «դիագնոզն» է․ հիվանդ...

Հանրապետության երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին տեղի ունեցած հավաքի ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում բավական հետաքրքիր միտք է արտահայտել․ «Առողջ հասարակությունն այսպիսի արդյունքների համար չպետք է քվեարկեր իշխանությանը վերընտրվելու համար»։ Իրենց շիտակությամբ եւ իրատեսականությամբ այս նախադասությունը կարելի է համարել «մաստեր կլասս»։ Իրապես, երեք տարվա մեջ Հայաստանն ու Հայաստանի ժողովրդին ամեն տեսակի դժբախությունների ու արկածախնդրությունների մեջ գցած իշխանությանը վերարտադրվելու, վերընտրվելու հնարավորություն, ըստ առողջ բանականության, չպետք է տրվեր։ Նախագահ Քոչարյանը խոսում է հնարավոր տոտալ ընտրակեղծիքների մասին։

Շարունակելով նրան՝ ասենք, այստեղ կա նաեւ մեկ տարբերակ, երբ հասարակությունն է հիվանդ իր մեծամասնության մեջ կամ ակտիվ հատվածի մի ստվար մասով, որոնք էլ կարողանում են լանդշաֆտ ստեղծել։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա հայաստանյան հասարակության հետ կապված իրոք խնդիրներ կան։ Ու այդ խնդիրները բավական խորն են, ու հին։ Խորհրդային Միության փլուզմամբ անկախանալով, Հայաստանն ըստ էության, չկարողացավ օրինակ կառուցել այնպիսի հասարակություն, որը այսօր նման իրավիճակի առաջ չկանգնացներ ժողովրդին։

Թերեւս նախագահ Քոչարյանը կհիշի, որ ժամանակին 88-ի զարթոնքի շրջանում, այն ժամանակվա Թատերական հրապարակում ցույցերն ու հանրահավաքներն անցնում էին «Լենին պարտիա, Գորբաչով» լոզունգների ներքո, իսկ արդեն անկախացումից հետո, երբ առաջին նախագահը սկսեց ղեկավարել երկիրը, համարելով, որ ազգայինը կեղծ կատեգորիա է, այդպես էլ չդրվեցին այն առողջ հիմքերը, որոնք կարող էին առողջ ու սթափ հասարակություն ձեւավորել։ Ինչ որ բաներ ուղղվեցին, արվեցին հենց երկրորդ նախագահի կառավարման շրջանում, շնորհիվ այն բանի, որ իր օրոք ԿԳ նախարարի պորտֆելը, եթե ճիշտ ենք հիշում վստահված էր ազգային կուսակցություն ՀՅԴ-ին։

Հաջորդող Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ամեն ինչ խառնվեց իրար եւ ազգային հիմքերը շատ ավելի ֆորմալացվան, դարձան բաժակաճառային, հասցվեցին փարիսեցիության աստիճանի եւ բովանդակազրկվեցին, բերելով մի այնպիսի իրավիճակի, ինչպիսին կոմունիստական կարգախոսներն էին Բրեժնեւյան լճացման տարիներին։ Ու սա բերեց նրան, որ մարդիկ պարզապես հոգնեցին այդ ամենից եւ ընտրեցին վատթարագույնին՝ Նիկոլ Փաշինյանին։ Այժմ էլ, վերընտրվելու մանդատով օժտելով նրան, հասարակությունը Հայաստանում դրանով իսկ ասում է իր ախտորոշումը եւ նախագահ Քոչարյանը ճիշտ կերպով է գնահատել իրավիճակը։ Այո, հայաստանյան հասարակությունը հիմա անառողջ հասարակություն է, ու թե դեռ այս անառողջ վիճակն ինչքան է շարունակվելու հայտնի չէ։