Փաշինյանը խոսեց իր հրաժարականի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղիղ եթերի ընթացքում մի քանի կարևոր դիտարկումներ արեց, որոնք պետք է հաշվի առնեն քաղաքական ուժերը և հասարակությունը։

Նախ, Փաշինյանը նկատեց, որ առաջիկա մեկ տարին վատ է լինելու և իրենք ոչինչ չեն կարող անել, որպեսզի հանրության վիճակը թեթևանա․ «Հիմա ո՞վ կարող է ասել, թե որքան է տեւելու կորոնավիրուսի այս ճգնաժամը. ես օրինակ, կարող եմ ասել, որ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում մեկ տարի, մինչեւ մյուս տարվա մարտ մենք այս ճգնաժամի մեջ ենք լինելու․․․․Ես մի տարի եմ ասում, կարող է ավելի երկար տեւի ճգնաժամը: Ճգնաժամը հենց նրանով է ճգնաժամ, որ բոլորս տուժելու են՝ երկիրը, կառավարությունը, քաղաքական վստահելիությունը»։

Այսինքն Փաշինյանն ակնարկում է հանրությանը, որ նրանք հույս չունենան առաջիկա տարիների  համար։ Այս պահին նման արձանագրում անելով կառավարության ղեկավարը խուսափում է պատասխանատվությունից, քանի որ ի սկզբանե արձանագրել է, որ լավ չի լինելու։ Ավելին վարչապետը կանխատեսում է, որ կարող է լինել իրավիճակ, որ պետությունը չկարողանա թոշակ վճարել։

Փաշինյանը նաև արձանագրեց, որ իր ղեկավարած կառավարությունը իզորու չէ ռեալ հաշվարկներ անելու և այդ հաշվարկների հիման վրա որոշումներ կայացնել։ Վարչապետը նաև խոսում է, որ իրենք հուզական որոշում են ընդունել, երբ հայտարարել են, որ կոմունալ վճարներ չանելու դեպքում անջատումներ չեն լինելու։ Ստացվում է կառավարության ղեկավարը ոչ թե առաջնորդվում է տրամաբանությամբ և հաշվարկներով, այլ պետության համար որոշից քայլեր է իրականացնում հուզականությունից ելնելով։ Սա առավել քան վտանգավոր արձանագրում է։

«Եթե մեր հայտարարածը 100 տոկոսով իրականություն չի դարձել, դա էլ համարեք մեր պատասխանատվությունը: Ուրեմն էդքանով մենք վատ իշխանություն ենք, էդ ինֆորմացիան ընդունեք ի գիտություն՝ ձեր հետագա գործողությունների համար»,-իր խոսքի ավարտին ասաց վարչապետ Փաշինյանը։

Ըստ էության վարչապետ Փաշինյանն իր այս ելույթով խոսեց իր հրաժարականի մասին։ Կառավարության ղեկավարը առանց ընդդիմության էլ հստակ ձևակերպեց, որ իր կառավարությունը ընդունակ չէ լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները ու ընդունելով, որ իրենք «վատ իշխանություն» են, քաղաքացիներին առաջարկեց գնալ «հետագա գործողությունների», այսինքն պահանջել իր հրաժարականը։