Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը․ ճակա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվարին իրավիճակի առաջ է կանգնած՝ նա գրեթե կես տարի է չի կարողանում նշանակել ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ։ Այդ համակարգերն իհարկե կադրերի խնդիր չունեն և ցանկության դեպքում վարչապետը շատ արագ կարող է խնդիրը լուծել, բայց քանի որ այս պաշտոններին տիրանալու համար քաղաքական թեժ պայքար է գնում՝ կողմնորոշվելը դժվար է։

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պատմությունը լավ դաս է եղել Նիկոլ Փաշինյանի համար։ Նա լավ է հասկանում, որ հատկապես այդ պաշտոնում պետք է նշանակի մարդու, որը չունի վարկանիշ և քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն չի ունենալու։ Փաշինյանն իր համար առաջնային է համարում այս պահանջներին համապատասխանելը, բայց իրականում այլ՝ ավելի կարևոր խնդիր կա, որի չնկատելու դեպքում Փաշինյանը կրկին կարող է «կոտրած տաշտակի առաջ կանգնել» և այս անգամ վերջնականապես կարող է կորցնել իշխանությունը։

Խնդիրը նրանում է, որ այս պահին Փաշինյանի թիմի մի քանի ազդեցիկ խմբեր ամեն բան անում են, որպեսզի վարչապետը հենց իրենց առաջարկած թեկնածուին նշանակի ԱԱԾ պետ։ Այդ առաջարկներն իհարկե փաթեթավորվում են «բարի ցանկություններով», սակայն իրականությունը բոլորովին այլ է։

Փաշինյանի թիմում լավ են հասկանում, որ նա այլևս չունի նախկին վարկանիշը։ Նորից վերադառնալով Վանեցյանի օրինակին՝ նրանք լավ են հասկանում, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը իրենց անսահման տեղեկատվության տիրապետելու հնարավորություն է տալու։ Այս հնարավորությունը միանշանակ ամրացնելու է իրենց դիրքերը։ ԱԱԾ առատ թղթապանակների բանեցումն այդ խմբերին  հնարավորություն կտա թիմի ներսում  հավաքագրել մարդկանց, որոնք հավատարմության երդում կտան իրենց։ Այս հնարավորությամբ ԱԱԾ պետի պաշտոնին «տիրացած» թիմը շատ արագ կկարողանա թելադրողը լինել իշխանության ներսում և երբ գա ժամանակը՝ շատ արագ կարող են ղեկը վերցնել իրենց ձեռքը։

Այնպես որ ԱԱԾ պետի նշանակումը ճակատագրական կարող է լինել Փաշինյանի քաղաքական ապագայի համար։ Հիմա առավել քան պարզ է, որ Փաշինյանի իշխանությանը ավելի մեծ վտանգ է սպառնում իր թիմի ներսից, քան նախկիններից, որոնք բացի մեդիաաղմուկից, այլ լծակ չունեն իրենց ձեռքում։