Փաշինյանը իր եւ իր ընտանիքի անվտանգության համ...

Երկու օրից՝ ըստ նախնական հայտարարության, ապրիլի 7-ին կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս հանդիպումից առաջ, արդեն մի քանի օր է Նիկոլ Փաշինյանը ինքնամեկուսացել է, որպեսզի «վարակազերծված» գնա եւ հանդիպի Պուտինի հետ։ Ինչ կարելի է սպասել այս հանդիպումից։

Ըստ Կրեմլի պաշտոնական հայտարարության, որը հնչեցրել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հանդիպման ժամանակ քննարկվելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կյանքի կոչման ընթացքը, անդրադարձ է կատարվելու Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ ընտրություններին նաեւ քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր։ Հայկական կողմի համար, թերեւս ամենից կարեւոր հարցը մնում է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։

Դժվար է ասել, թե Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ գերիների վերադարձ, թեկուզ եւ փոքր թվով, կկազմակերպվի թե ոչ։ Սակայն պետք է հուսալ, որ Փաշինյանը կունենա համարձակություն բարձրացնելու այս հարցը, հատկապես, որ գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» վերադարձը մաս է կազմում Ղարաբաղյան այսպես կոչված «նոր իրականության», որի հիմքը վերոնշյալ երկու հայտարարություններն են։

Շատ հետաքրքիր է, որ արտահերթ ընտրությունների հարցին նույնպես անդրադարձ է լինելու։ Իհարկե այս մասով կլինեն վարկածներ, ինտրիգային տեսություններ, որ Փաշինյանը իր եւ իր ընտանիքի անվտանգության համար երաշխիքներ է խնդրելու Պուտինից, ընտրություններին պարտվելու դեպքում եւ այլն։

Գուցե այս ամենը կա, հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության վերաբերյալ որոշումը հրապարակվելու է ապրիլի վեցին, ինչպես ասում են՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից «մի ոտք շուտ»։ Սակայն նաեւ չպետք է մոռանալ, որ արտահերթ ընտրությունները ինքնին նշանակում են իշխանության փոփոխության հավանականություն եւ Պուտինը ցանկանում է հավաստիանալ, որ այս արտահերթ ընտրությունները «բեմականացում» չեն լինելու, որով հարվածի տակ է դրվելու Հայաստանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների տակ դրված ստորագրությունը։

Այլ կերպ ասած՝ բանակցողի հնարավոր փոփոխությունը չի բերելու «ֆորս մաժորային» իրադրության, ինչպես ըստ էության եղավ 2018-ին, երբ Սերժ Սարգսյանին փոխարինեց Նիկոլ Փաշինյանը եւ ունեցանք այն, ինչ ունենք հիմա։