Փաշինյանը ինքնագլուխ է որոշել էրդողանի հետ հա...

 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «Աթաթյուքի» անվան օդանավակայանում, նախքան ԱՄՆ մեկնելը, որտեղ մասնակցելու է ՄԱԿ 76-րդ Գլխավոր վեհաժողովին լրագրողների հետ հանդիպման ժամանակ բավական հետաքրքիր հայտարարություն է արել, որն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանին։ Մասնավորապես նա ասել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հետ հանդիպման առաջարկ է արել։

Էրդողանը նշել է, որ եթե նման հանդիպում կայանա, ապա Անկարան կարող է Երեւանի հետ դիվանագիտական կապեր հաստատել, սակայն որպես նախապայման առաջ է քաշել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը Ադրբեջանի հիմնական տարածքը կապելու է Նախիջեւանի ԻՀ հետ, այսինքն թե նաեւ՝ Թուրքիայի հետ։ Ավելի վաղ հակական «Փաստ» պարբերականը գրել էր, որ Վրաստան պաշտոնական այցի ժամանակ, որը ավարտվել էր Բաթումի քաղաքում, Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ղարիբաշվիլու հետ։

Իհարկե այս ամենը մի տեսակ դավադրապաշտական ինտրիգ է իրենից ներկայացնում, հատկապես, որ նույն պարբերականը նշել էր, որ Փաշինյանը մի քանի ժամ այսպես ասած կորել է եւ չի հաջողվել իմանալ, թե այդ «կորելու» ընթացքում ով կամ ովքեր են նրան ուղեկցել եւ ինչ է տեղի ունեցել։ Չի բացառվում, որ Բաթումիում Հայաստանի վարչապետը որոշ հանդիպումներ ունեցել է թուրքական էմիսարների հետ եւ այդ հանդիպումը հնարավոր էր գլուխ բերել միայն Վրաստանի միջնորդությամբ։ Այսինքն թե, կարող ենք արդեն ամենայն վստահությամբ ասել, որ Վրաստանը մասնակցում է Երեւանի եւ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հարաբերությունների հարթեցմանը, ինչի անուղղակի ապացույցը նաեւ այն էր, որ Վրաստանի միջնորդությամբ Բաքվում պահվող տասնհինգ ռազմագերի ազատ արձակվեց։

Վրաստանն իր հերթին ունի իհարկե իր հաշիվները այս ողջ գործընթացում, քանի որ լավ է հասկանում, որ տնտեսական կապերի եւ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումն այս կամ այն կերպով հարվածելու է իրեն, ու հետեւաբար, ինքը կորցնելու բան ունի, իսկ այս կերպ, հանդես գալով մի կողմից Երեւանի, իսկ մյուս կողմից՝ Անկարա-Բաքու դաշինքի միջեւ հարաբերությունների հարթեցման միջնորդ, որը նաեւ կարող է նշանակել ռեգիոնում տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված Արեւմուտքի առաջարկած ծրագրի լոբբինգ, որը շրջանցելու է Ռուսաստանին, կկարողանա որոշակի դիվիդենդներ շահել ու ապահովել տարանցիկ երկրի իր կարգավիճակը, որից քիչ եկամուտներ չի ստանում։

Այստեղ կա այլ նրբություն։ Նման հարցերը չեն լուծվում առանց Մոսկվայի հատկապես, որ մի քանի օրից Սոչիում ամենայն հավանականությամբ կկայանա Պուտին-Էրդողան հանդիպում Սիրիական Իդլիբի հարցով։ Ու այս համատեքստում հետաքրքիր է, թե Փաշինյանը Մոսկվայից սեպարատ է որոշել հարաբերություններ հարթել Անկարայի հետ, ըստ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքների Արեւմուտքի առաջարկած պլանի, թե ամեն դեպքում կատարում է ռուսական կողմի հանձնարարությունը։