Փաշինյանը Հոկտեմբերի 27-ով շանտաժի ենթարկեց Ռ...

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերջին ճիգերն է գործադրում, որպեսզի կարողանա մնալ իր աթոռին: Հատկապես Իսկանդեր համակարգի վերաբերյալ իր արած սադրիչ հայտարարությունը բարդարցրել է քաղաքական իրավիճակը: 

Չնայած իր առաջ եղած դժվարություններին, Փաշինյանը չի հանձնվում և գործի է դրել իր ձեռքի տակ եղած շանտաժի բոլոր գործիքները: Փետրվարի 28-ին, երբ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում խոսում էր մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին, նա հայտարարեց, որ խոսելու է նաև Հոկտեմբերի 27-ի մասին. «Կանդրադառնամ նաեւ հարցին՝ ի վերջո բացահայտվա՞ծ է արդյոք 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործությունը, թե ոչ եւ իրողությունները ի ցույց կդնեմ 1999թ. հոկտեմբերի 27-ի հետ համեմատության ֆոնին»,-հայտարարեց Փաշինյանը:

Ակնհայտ էր, որ նա փորձելու է Հոկտեմբերի 27-ի գործը առնվազն ակնարկներով կապել Ռուսաստանի Դաշնության և նախագահ Պուտինի անվան հետ: Փաշինյանն ու իր տարբեր թիմակիցներ այս թեզը տարիներ շարունակ առաջ են տարել: Բայց հիմա, երբ նա այդ ակնարկներն աներ վարչապետի դիրքերից, ապա արդյունքներն էապես տարբեր էին լինելու՝ սկսելու էր հակառուսականության մեծ ալիք, որը անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ: Արկածախնիր Փաշինյանի համար էական չէ, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ իր համար, կարևորը սեփական աթոռի պահպանումն էր: 

Ըստ էության, Հոկտեմբերի 27-ի թեման՝ հանրահավաքից մեկ օր առաջ, ուղիղ եթերի ընթացքում հիշատակելը շանտաժ էր ուղղված Ռուսաստանի իշխանություններին: Նա այդ կերպ առաջարկում էր իր հետ գնալ համաձայնության, եթե չեն ցանկանում առճակատում լինի: Հանրահավաքի օրը Հոկտեմբերի 27-ի գործը չհիշատակելը խոսում է մեր առաջ քաշած թեզի օգտին: 

Հանրահավաքի ընթացքում Փաշինյանի այս թեման շրջանցելը կարող է երկու բան նշանակել՝ կամ նա կարողացել է աշխատեցնել իր շանտաժը և ռուսների հետ համաձայանության է եկել իր աթոռի պահպանման հարցում, կամ ռուսական կողմը առավել մեծ կոմպրոմատ է դրել սեղանին, որը ստիպել է Փաշինյանին հետ քաշվել և մոռանալ իր գծած սցենարը:

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ եթե Փաշինյանը որոշեր խոսել Հոկտեմբերի 27-ի մասին, ապա առաջին պլան կգար նաև Արման Բաբաջանյանը, ով ամիսներ առաջ հանդիպել էր Նաիրի Հունանյանի հետ: Հենց այս պատգամավորը պետք է, որպես բացառիկ տեղեկատվության կրող ուղիղ մեղադրեր Ռուսաստանին և նախագահ Պուտինին: