Փաշինյանը ցանկանում է նախագահ դառնալ, ո՞վ կար...

Երեկ  հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծման գործընթացը:

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը իշխանությունները առաջին հերթին սկսում են ՍԴ-ն իրենցով անելու մտադրությամբ, բայց չի բացառվում նաև ավելի հեռուն գնացող քայլեր իրականացվեն։ Իսկ ավելի կոնկրետ՝ երկիրը վերադարձվի կիսանախագահական համակարգի։

Նիկոլ Փաշինյանը մեծ կախվածություն ունի իր վարկանիշից, որն օր-օրի նվազում է։ Զբաղեցնելով վարչապետի պաշտոնը նա ուղիղ պատասխանատվություն է կրում քաղաքացիների սոցիալական բարեկեցության համար։ Հայաստանի ունեցած հնարավորություններով Փաշինյանը չի կարողանում և չի կարողանալու շատ արագ լուծել բոլոր այն սոցիալական խնդիրները, որոնց լուծման խոստումով եկել է իշխանության։ Դժգոհությունը գնալով մեծանում է և քաղաքացիները իրենց հարցերի պատասխանները փորձում են ստանալ հենց Նիկոլ Փաշինյանից։  Պատահական չէ, որ անգամ ամենահեռավոր գյուղի բնակիչը, գյուղապետի հետ ունեցած խնդիրների լուծման ակնկալիքով գալիս է կառավարության դիմաց։

Փաշինյանը զրկված է իր փոխարեն որևէ մեկին պատժելու հնարավորությունից, ինչպես դա ժամանակին անում էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ փոխելով կառավարության ղեկավարներին։

Սահմանադրական նոր բարեփոխումները և վերադարձը կիսանախագահական համակարգին՝ Փաշինյանին այդ հնարավորությունը կտա։ Նա փոփոխություններից հետո դեռևս հնարավորություն ունի դառնալ ՀՀ նախագահ և նշանակել վարչապետ, որին էլ կուղղվեն հասարակության սոցիալական դժգոհությունները։ 

Նման սցենարի դեպքում Փաշինյանը խնդիր ունի այս պահից մտածելու, թե ով է իրեն փոխարինելու։ Հնարավոր փոփոխություններից հետո, վարչապետը պետք է լինի հավատարիմ Փաշինյանին, որպեսզի վայրիվերումներ տեղի չունենան։ Ցավոք սրտի նա շատ տարբերակներ չունի։

Փորձենք հասկանալ, թե հնարավոր Սահմանադրական փոփոխություններից հետո ում կարող է Նիկոլ Փաշինյանը նշանակել վարչապետի պաշտոնում։

Թեկնածուներից մեկը կարող է լինել գործող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա իշխանափոխության հենց սկզբից եղել է կառավարության կազմում և լավ է պատկերացնում տնտեսական այն ճանապարհը, որը ցանկանում է անցնել Փաշինյանը։ Ավինյանը նաև Փաշինյանի թիմի հնաբնակներից է և նրա վստահելիներից։ Ավինյանի առումով կա մեկ խնդիր՝ նա չի համապատասխանում տարիքային այն ցենզին, որը նախատեսված է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի համար։ Սա սակայն կարծում ենք լուծվելիք խնդիր է և եթե առաջիկայում Սահամանդրական փոփոխություններով իջեցվի նաև վարչապետի համար սահմանված տարիքային ցենզը, ապա կարելի է վստահաբար պնդել, որ այդ պաշտոնում Նիկոլ Փաշինյանը տեսնում է հենց Տիգրան Ավինյանին։

Հաջորդ ամենահարմար թկենածուն ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանն է։ Նա նույնպես իշխանափոխությունից հետո զբաղեցրել է փոխվարչապետի, ընդ որում առաջին փոխվարչապետի պաշտոնը։  Արարատ Միրզոյանի տնտեսության կառավարման կարողությունների մասին դժվար է այս պահին գնահատականներ հնչեցնել, բայց հստակ է, որ նա Փաշինյանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկն է, իսկ հավատարմությունը Փաշինյանի համար ամենակարևորն է։

Փաշինյանի համար վերջին և ամենակարևոր տարբերակը կարող է լինել իր կինը՝ Աննա Հակոբյանը։ Նախ Աննա Հակոբյանը վարչապետի պաշտոնում  կշարունակի ամուսնու քաղաքականությունը և Փաշինյանը նրանից վստահելի մարդ չի կարող ունենալ այդ պաշտունում։ Իշխանափոխությունից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց են տալիս, որ Աննա Հակոբյանը ամեն կերպ ցանկանում է մասնակից լինել երկրի ներքաղաքակն հարցերին։ Եվ եթե Աննա Հակոբյանը նշանակվի վարչապետի պաշտոնում, ապա կկարողանա կյանքի կոչել իր ձգտումները, որոնք առաջ են եկել իշխանափոխությունից հետո։ Աննա Հակոբյանի վարչապետ դառնալով, Փաշինյանը նաև ցույց կտա, որ հավատարիմ է իր խոստմանը ու կանանց մասնակից է դարձնում պետության կառավարմանը, իհարկե մոռանալով նշել, որ այս դեպքում խոսքը իր կնոջ մասին է միայն։