Փաշինյանը բացահայտեց հայ-թուրքական գաղտնի բան...

Ամիսներ շարունակ տարբեր վերլուծաբաններ և քաղաքական շրջանակներ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի իշխանությունների հետ: Ըստ այդ պնդումների բանակցությունների առանցքը Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելն է, որին, ըստ նույն աղբյուրների, համաձայնել են իշխանությունները: Թուրքական կողմն էլ պարտավորվում է բացել Հայաստանի հետ իր սահմանը և միլիոնավոր դոլարների ներդրումներ իրականացնել, որպեսզի Փաշինյանի կառավարությունը կարողանա տնտեսական խնդիրներ լուծի:

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի մի քանի գյուղեր կատարած այցի ընթացքում առաջին ակնարկն արեց տարածաշրջանում մեր թշնամիների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտության մասին. «ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի, ինչքան մենք ենք շատ համարում թշնամի, այնքան շատ մեզ են համարում թշնամի»:

Փաշինյանի այս հայտարարությունն առաջին հայցքից անհեթեթություն էր թվում և շատերի կարծիքով նա կրկին գինովցած է եղել ու չի պատկերացրել, թե ինչ է խոսում: Կարճ ժամանակ անց, Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եկավ ապացուցելու, որ իրականում արդեն գործընթաց են սկսկել իշխանությունները, որի նպատակը թուրքերին այլ աչքով նայելն է. «Նայեք, ես ասեցի, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, մենք նոր էլ քննարկում էինք, որ հնարավորություն կա ընդհանուր տարածաշրջանի ապաշրջափակման ․․․ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն»,-այսպես արձագանքեց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյո՞ք Թուրքիան շարունակում է համարվել թշնամական պետություն։

ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունից մեկ օր անց,վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում վերահաստատեց իրենց մոտեցումը. «Մենք տարածաշրջանի նկատմամբ մեր հայացքը, մեր դիտանկյունը պետք է փոխենք: Այո, ասված է, և գիտենք, որ մենք տարածաշրջանում ունենք թշնամիներ, բայց ի վերջո եկեք արձանագրենք, որ ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի, ինչքան մենք ենք շատ համարում թշնամի, այնքան շատ մեզ են համարում թշնամի»:

Ըստ էության Փաշինյանն ընդունեց, որ գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի հետ և նախընտրական քարոզարշավի քողի տակ նա իրականում սկսկել է քարոզել թուրքերի հետ բերեկամության գաղափարը: Հիմա խոսում են ակնարկներով, բայց կարճ ժամանակ անց կխոսեն շատ ուղիղ և կփորձեն կյանքի կոչել գաղտնի բանակցությունների օրակարգը: 

Փաշինյանն, իհարկե,  հանուն շահի ու աթոռի ամեն կողմի հետ էլ կարող է երազել բարեկամություն, բայց հիմա արդեն խոսքը հայ ժողովրդի արժանապատվության մասին է: Հայերը պատրա՞ստ են բարեկամություն անել իրենց նկատմամբ ցղասպանություն արած,  հայրենազրկած և այդ իրողությունները ժխտող, վերջին պատերազմում ավելի քան 5000 հայորդու գլուխ կերած պետության հետ: Եթե պատրաստ են, ապա պետք է մոռանալ այլևս պետականություն ունենալու մասին, իսկ եթե պատրաստ չեն, ապա Փաշինյանն անկասկած պետք է իր հուժկու պատասխանը ստանա: