Երեք օրից տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նախընտրական քարոզարշավն արդեն ավարտին է մոտենում: Ինչպես ևս սպասելի էր, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնվել էր ցնցումների մեջ: Նա նորից նախկինների, թալանի, ժողովրդի իշխանության մասին հին ու արդեն իրենց սպառած երգերն էր երգում:
Չնայած Նիկոլ Փաշինյանի բոլոր ջանքերին, այս անգամ չստացվեց հանրության մեծամասնությանը մոլորեցնել: Սրան զուգահեռ գրագետ և ազդեցիկ աշխատանք տարան և դեռ տանում են ընդդիմադիր հիմնական ուժերը՝ Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքները: Ընտրարշավին նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասնակցությունը ևս ազդեցիկ գործոններ էին:
Նիկոլ Փաշինյանին մեծ հարված էր նաև համացանցում հայտնած գաղտնի ձայնագրությունները: Ձայնագրություններից առաջինը,որ հրապարակեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանը ունեցել է հնարավորություն խնդիրը լուծել առանց պատերազմի, բայց ամեն բան արել է, որ բանակցային գործընթացը տապալվի: Երկրորդ ձայնագրությունը, որի հեղինակն արդեն անհայտ մնաց, ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանը հոգեկան խնդիրներ ունի: Այստեղ ամենաառանցքային կետն այն էր, որ Փաշինյանի հոգեկան հիվանդ լինելու մասին խոսում էին իր թիմակիցներ Դիանա Գասպարյանը և Սուրեն Պապիկյանը:
Այս ամենի հանրագումարը բերեց նրան, որ Փաշինյանի պարտությունն արդեն ակնհայտ է: Թիմի ներսում էլ լավ են հասկանում, որ այլևս իրենք չեն կարող լինել, որպես իշխանություն:
ՈՒ հիմա արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ ՔՊ վերնախավի որոշ անդամներ ընտրություններից առաջ փորձելու են իրենց ընտանիքի անդամներին դուրս հանել Հայաստանից, որպեսզի հունիսի 21-ից բարդություններ չունենան և իրենք էլ կարողանան շատ արագ հեռանալ:
Հետաքրքիր է, որ շարքային իմքայլականները տեղյակ չեն այս ամենի մասին և շարունակում են անցնել բոլոր սահմանները, վստահ լինելով, որ պետական համակարգը պետք է իրենց պաշտպանի, անգամ երբ անօրինականություն են գործում: Շատերի համար անակնկալ կլինի, երբ հունիսի 21-ին պարզեն, որ իրենց առաջնորդների մեծ մասն արդեն գլխի ճարը տեսել է ու անցել է ջրի հատակը մինչև կանցնի վտանգը: