Փաշինյանը ակնարկեց, որ կարող է տանկերի թրթուր...

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցով հանդես եկավ «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Հարցազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձ կատարեց հասարակական այն շրջանակներին, որոնք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարում են քաղբանտարկյալ․«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է, ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել»,-ասաց վարչապետը՝ հավելելով․«Եթե որևէ մեկը իրավունք չունի այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել: Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ասում ենք, որ Հայաստանում տենց ա մեր մոտ, հենց տեսնում ենք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կհավաքենք կմտցնենք Երևան քաղաք ու՝ դե եկեք վերցրեք իշխանությունը, տեսնեմ ո՞նց եք վերցնում: Շատ պարզ տրամաբանություն է»։

Իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում վարչապետ Փաշինյանը սպառնալիքի լեզվով խոսեց այն քաղաքական, հասարակական շրջանակների հետ, որոնք ընդիմանում են իրեն և երկրորդ նախագահ Քոչարյանին համարում են քաղբանտարկյալ։ Ըստ էության, Փաշինյանը Քոչարյանի աջակիցներին սպառնաց՝ «տանկի թրթուռների տակ ճզմելով»։

Փաշինյանի ամբողջ հարցազրույցի մեխը հենց սա էր։ Եվ այս սպառնալիքը հնչեցնելու համար նա անգամ կեղծեց որոշակի փաստեր։ Նախ՝ 2008 թվականի մարտի 1-ին, որի մասով ակնարկում էր Փաշինյանը, Երևան տանկեր չեն մտել։ Իհարկե, Փաշինյանը կարող է հիմանվորել, որ չի ծառայել և ՀՀՄ 2-ը չի տարբերում տանկից, բայց դա իրավիճակը չի փոխում։  Հայաստանում միայն Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք են տանկեր մտել Երևան։ 

Վարչապետ Փաշինյանի սպառնալից այս հայտարարությանը պետք է արձագանքեն իրավապաշտպան կազմակերպությունները, հասարակական և քաղաքական շրջանակները։ Երկրի ղեկավարը իրավունք չունի նման սպառնալից և անպատասխանատու հայտարարություններով հանդես գալ։ Կամ այսօր պետք է դեմ դուրս գալ Փաշինյանի սպառնալիքներին, կամ առաջիկայում անհրաժեշտ կլինի հակատանկային խրամատներ փորել, որպեսզի Փաշինյանի հրահանգով քաղաք մտած տանկերը չճզմեն քաղաքացիներին։