Փաշինյանն այնքան վախեցած է, որ ստիպված բացահա...

Հունիսի մեկին, իր ծննդյան տարեդարձի օրը ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտանյոք հանդերձ վարակվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով։ Ընթերցողը թերեւս կհիշի, որ վարչապետը ասել էր այն ժամանակ, որ մտադրություն է ունեցել առաջնագիծ գնալու, որի պատճառով թեստավորվել են եւ պարզվել է, որ ընտանիքով են վարակվել։ Ընդ որում առաջին վարակակիրը հենց ինքն է։

Արդեն այսօր՝ հունիսի ութին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ընտանիքով ապաքինվել են եւ ինքը վերադառնում է լիարժեք աշխատանքի։ Ինչ խոսք, չափազանց կասկածելի է, քանի որ կորոնավիրուսային ինֆեկցիայի հիվանդության ընթացքը գոնե 14 օր է, թեեւ որոշ դեպքերում կարող է մինչեւ 21 օր տեւել։

Ինչ է ստացվում․

1․ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը եւ երեխաները վարակված են եղել իրականում հունիսի 1-ից ավելի շուտ, քան հայտնաբերվել է թեստավորումով հետեւաբար, եթե այսօր նրանք արդեն առողջացած են, ապա ստացվում է, որ նրանք մայիսի քսանից հետո պետք է վարակված լինեին, ու հիմա արդյոք մայիսի վերջից մինչեւ հունիսի մեկը նրանց շփումների շրջանակը պարզվել է եւ արդյոք նրանք վարակի աղբյուր չեն հանդիսացել այլոց համար։ Սա այն դեպքում, եթե հավատում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ու ընտանիքը իրոք վարակվել են եւ կորոնավիրուսով հիվանդանալը հերթական բլեֆը չէր։

2․ Եթե ճիշտ ենք հիշում, Փաշինյանը հայտարարել է, որ առաջին վարակվողն իրենց ընտանիքում ինքն է եղել։ Հիմա եթե միասին վարակվում են եւ միասին առողջանում ինչ որ չափազանց տարակուսելի արագությամբ, ապա ստացվում է, որ որքան էլ չուզենանք արձանագրել, դա պետք է անենք, որ Փաշինյանի կորոնավիրուսով հիվանդանալը հնարավոր է կեղծ է եղել։ Թե ինչու, դժվար է ասել, սակայն օրինակ չեն կարող 1 տարի 11 ամիս բանտում անցկացրած եւ թոքերի խնդիր ունեցող Նիկոլ Փաշինյանը, որի թոքերի խնդրի առկայությունը ակներեւ երեւաց իշխանափոխության օրերին, եւ նրա դուստր Շուշանը, որը դեռ երեխա է եւ ունի անհամեմատ լավ առողջական վիճակ եւ իմունային համակարգ, նույն ժամանակ հիվանդանալ եւ նույն ժամանակում էլ ապաքինվել հենց միայն տարիքային եւ առողջական վիճակների տարբերության գործոնով պայմանավորված։

3․ Չափազանց կասկածահարույց է այն, որ Նիկոլ Փաշինյանը առողջացավ հենց այսօր, իսկ երեկ, ինչպես գրել էր «Հրապարակը» Նիկոլ Փաշինյանն ուժեղացրել էր սեփական կեցավայրի անվտանգությունը՝ հավելյալ ուժեր այնտեղ տեղակայելով։ Որքան էլ չուզենանք ֆիքսել, սակայն դա չանել չենք կարող, որ Փաշինյանը ինչ որ բանից անհանգստացած է, այն աստիճան, որ նույնիսկ փորձում է ամրապնդել իր եւ իր ընտանիքի անդամների անվտանգությունը։

Գուցե իրական հիմքեր կան անհանգստանալու, գուցե խնդիրը հենց Փաշինյանի հիվանդագին կասկածամտության մեջ է եւ սկսել է տառապել այն մտասեւեռումից, որ հեղաշրջում է նախապատրաստվում կամ հնարավոր է իրեն հեռացնեն իշխանությունից, մի բան, որից նա սարսափում է եւ հանուն իշխանության պահպանման պատրաստ է ամեն ինչի։ Ու չափազանց կասկածահարույց է ի վերջո այն, որ Փաշինյանի անակնկալ կամ «հրաշափառ առողջացմանը» գրեթե միաժամանակ ՀՀ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանը եւ ՀՀ Ոստիկանապետ Արման Սարգսյանը թողնում են զբաղեցրած պաշտոնները։

Ի դեպ Փաշինյանի կողմից բավական անտաղանդ սցենարով բեմադրված այս ներկայացումը ամրապնդում է նաեւ այն կասկածները, որ նա չի վստահում նաեւ փոխվարչապետ եւ պարետ Տիգրան Ավինյանին։ Այս ընդհանուր ֆոնի վրա չափազանց ուշագրավ է ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ գեներալ Արթուր Վանեցյանի վերջին գրառումը, որից կարելի է եզրակացնել, որ Վանեցյանն ինչ որ բան գիտի, թե ինչ է նախապատրաստում Փաշինյանը եւ զգուշացնում է «կանգ առնել»։