Փաշինյանին Սադամ Հուսեյնի և Մուամմար Քադդաֆֆի...

Դոնբասում իրավիճակը շարունակում է սրվել։ Արդեն կան տուժածներ, նաեւ զոհ։ Ակնհայտ է, որ Կիեւը մտքին ունի ռազմական եղանակով Դոնեցկի եւ Լուգանսկի «հարցերը լուծելու» որոշակի ծրագիր։ Այլ հարց, թե արդյոք Արեւմուտքը դա թույլ կտա մինչեւ վերջ, որովհետեւ ռազմական լայնածավալ պատերազմը կարող է բերել ուկրաինական պետության տրոհման։

Ինքնահռչակ Լուգանսկում եւ Դոնեցկում, հետաքրքիր փաստ են արձանագրում․ Կիեւը ոգեւորվել է Ադրբեջանի՝ Ղարաբաղում ունեցած հաջողությունից։ Սա ակնհայտ իրականություն է, հատկապես, երբ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Կիեւում որոշակի նման տրամադրություններ արձանագրվեցին եւ նաեւ մեծապես աճեց Կիեւի հետաքրքրությունը թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչուների հանդեպ, որոնց որոշակի խմբաքանակ Կիեւը ձեռք է բերում Անկարայից։

Արդեն խոսվում է այն մասին, որ այդ տարածքում կա կես միլիոն ՌԴ քաղաքացի եւ եթե նրանց գլխից թեկուզ մի մազ պակասեց, դա ուղիղ մարտահրավեր է Կրեմլին, իսկ Ռուսաստանը նման դեպքերում ավելորդ պայմանականությունների հետեւից չի ընկնելու, քանի որ համաբանակային ծավալուն զորաշարժեր եւ ստուգումներ է իրականացնում։

Այս ամենի համատեքստում չափազանց հետաքրքիր է, որ Թուրքիայից վերլուծաբանների մակարդակում Ուկրաինայի ղեկավարին զգուշացնում են դասեր քաղել Նիկոլ Փաշինյանի ձախողումից։

Ըստ ռուսական «Լենտայի» թուրք վերլուծաբան Հասան Ջենգիզը արձանագրում է, որ Արեւմուտքը երբեք եւ ոչ մի առաջնորդի մինչեւ վերջ չի օգնել, որ Մերձավոր Արեւելքում, ոչ Կովկասում, եւ Ուկրաինայում Սադամ Հուսեյնի, Մուամմար Քադաֆիի եւ Նիկոլ Փաշինյանի «գլխին եկածից» պետք է դասեր քաղել։

Հետաքրքիր է այն, որ թուրք վերլուծաբանը Հայաստանի գործող վարչապետին որպես Արեւմուտքից «քցվածի» դնում է նույն շարքում, ինչ Սադամ Հուսեյնն ու Մուամմար Քադդաֆին։ Սակայն շատ ավելի հետաքրքիր է, որ Ջենգիզն արձանագրում է, որ «Ոչ մի Արեւմուտք Փաշինյանին չօգնեց, իսկ նա շուտով կհեռանա։ Իմ կարծիքով, նրա փոխարեն կգա ռուսամետ վարչապետ»։

Թե ինչու է թուրք փորձագետն այդքան վստահ, որ Փաշինյանի քաղաքական կյանքում «կարապի երգն» արդեն երգվել է, դժվար է ասել։ Հատկապես, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները հունիսին են լինելու։ Կամ էլ, վերլուծաբանը հղում է անում, չասելով այդ մասին, որոշակի ինֆորմացիայի կամ զուտ իր անալիզի արդյունքում է հասկացել, որ նման համաձայնություն կա ռեգիոնալ խաղացողների մոտ, որով Փաշինյանն արդեն սպառել է իրեն եւ եկել է նրան փոխելու ժամանակը։