Փաշինյանի հրաժարականի նախապայմանը

Մինչ Հայաստանում շարունակվում է քաղաքական՝ նաեւ փողոցային պայքարը՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար իշխանությունից, որպես պարտության սիմվոլի, հարկ է նաեւ անդրադառնալ այն հարցին, թե որ դեպքում Փաշինյանը կթողնի իշխանությունը։ Մենք մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել ենք այն հարցին, որ Փաշինյանի հեռացումը, որքան էլ փողոցային պայքարը լինի արդյունավետ կամ ոչ, որոշվելու է ոչ թե փողոցով, այլ Մոսկվայի կողմից։

Մենք նաեւ գրել էինք, որ այս անգամ փողոցը չէ, որ ձեւավորելու է Հայաստանում իշխանություն, անկախ այն հանգամանքից, թե փողոցում որ քաղաքական ուժերն են եւ այլն։ Փողոցն այս դեպքում, որպես քաղաքական պայքարի հարթակ օժանդակ ինստիտուտ է, այսպես ասած՝ «դանակ՝ պահված Փաշինյանի կոկորդին» հատկապես Արեւմուտքում սպասվող փոփոխությունների ֆոնին «խաղեր տալու» հնարավորությունից նրան զրկելու համար։

Կարեւոր է նաեւ հասկանալ, թե որ դեպքում Փաշինյանը կհեռանա։ Դատելով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններում եղած տողատակային մեսիջներից եւ ընդհանուր առմամբ, առկա տրամադրություններից, Փաշինյանի թիմում հստակ հասկանում են, եւ ԱԺ-ում եւ գործադիրում, որ իրենց առաջնորդը ունի խնդիր միայն սեփական աթոռը հնարավորինս երկար պահելու, մինչեւ որոշակի երաշխիքների ստացումը։

Հենց սա է այն հարցը, որը կարող է դառնալ առանցքային Հայաստանում իշխանության փոփոխության գործընթացի համար։ Ըստ էության, զուտ մարդկային գոյապահպանման բնազդից ելնելով, Նիկոլ Փաշինյանին պետք է երաշխիք իր եւ իր ընտանիքի անդամների կյանքի անձեռնմխելիության առումով, ինչպես նաեւ հնարավոր է երաշխիք՝ քաղաքականության մեջ մնալու առումով։ Այլ կերպ ասած, նա հրաժարական կտա, եթե արտահերթ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենա իր դեմքով կամ կուսակցության թարմացմամբ։

Ընդ որում, քաղաքականության մեջ մնալը նաեւ լրացուցիչ խթան կհանդիսանա առաջին նախապայմանի առկայության համար։ Իսկ այն, որ արտահերթ ընտրություններ լինելու են, դա արդեն ժամանակի հարց է։ Ամենայն հավանականությամբ այս հարցերն են հիմա, իրենց դետալներով հանդերձ, քննարկման առարկա։