
Նիկոլ Փաշինյանն երեկ չմասնակցեց Սուրբ Ծննդյան տոնի պատարագին, որը անցկացնում էր Գարեգին Բ․ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Իհարկե, սա պարտադիր բնույթ չկրող բան է․ ի վերջո, Հայաստանն աշխարհիկ պետություն է, եւ երկրի ղեկավարի համար պարտադիր չէ, որ լինի Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ։ Սակայն դեռ առաջին նախագահի ժամանակներից հաստատված ավանդույթը յուրահատուկ իմաստ ուներ, եւ խորհրդանշում էր ազգային միասնություն։
Պաշտոնապես իհարկե վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտարարեց, որ Փաշինյանը ինքնամեկուսացել է կորոնահամաճարակային իրավիճակով պայմանավորված, բայց դե բոլորս ենք հասկանում, որ Սյունիքի եւ Եռաբլուրի դեպքերից հետո նա չէր գնա հանրային տրամադրությունների ավելի սրացման։ Իհարկե վարչապետ Փաշինյանը լրագրող Նիկոլ չէր լինի, եթե իր ներսում եղածը, հոգու տվայտանքները որեւէ կերպով չարտահայտեր, այն էլ՝ «կծողական» տոնով եւ նա գրեց ստատուս «խոզերի առաջ մարգարիտներ շաղ չտալու եւ սրբությունը շներին չտալու» մասին։
Թե ովքեր են խոզերն ու շները, թերեւս մի օր կրոնա-աստվածաբանական դեգերումների մեջ գտնվող ՀՀ վարչապետը կբացատրի, սակայն փախուստը հարցի լուծում չէ։ Հատկապես, երբ հունվարի կեսերին նա հանդիպելու է Պուտինի ու Ալիեւի հետ, իսկ այդ հանդիպումից խույս տալը, նույնիսկ կորոնավիրուսի պատրվակով, առնվազն անմտություն կլինի եւ արդյունքում ծիծաղի առարկա կդառնա երկիրը եւ ժողովուրդը։ Քաղաքականությունն ի դեպ, հատկապես մեծ խաղացողների հետ գործ բռնելիս, նման «խաղեր» չի սիրում եւ դա համարում է «էժան շառլատանություն»։