Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 10-ից անժամկետ հացադուլ է հայտարարել կառավարության շենքի դիմաց:
«Էլեկտրոնային տարբերակով կառավարությանը ներկայացրել եմ դիմում, որի համաձայն այսօր հայտարարել եմ հացադուլ ժամը 10-ից: Հացադուլս հայտարարել եմ կապված նրա հետ, որ կառավարությունն իրեն իրավունք է վերապահում արձակել ակնհայտ հակասահմանադրական ենթաօրենսդրական ակտեր: Խոսքը 2018-ի օգոստոսի 8-ին ընդունված 898Ն որոշման մասին է, որն արձակվել է հիմնվելով զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ կետի, որը դրանից մեկ ամիս առաջ հակասահմանադրական եւ անվավեր է ճանաչված եղել:
Մարդիկ պարտավորվածություն են կրում ինձ փոխհատուցել ինձ չտրամադրված ամենամյա արձակուրդները: Իրենք դա կատարել են մասնակի, այն էլ այն պահից հետո, երբ հարուցվել է քրեական գործ դատարանի որոումը միտումնավոր չկատարելու առնչությամբ:
ՊՆ-ն 14 մլն դրամի փոխարեն տրամադրել է 4 մլն դրամից ավելի: Իրենք վկայակոչում են օրենքի դրույթը, որն ակնհայտ հակասահմանադրական է: Նման տեմպերով մենք ուր ենք հասնելու»,-ասաց Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ ոստիկանները պահանջ են ներկայացրել, որ հացադուլի մասին ազդարարող պաստառը չհենի կառավարության շենքին. «Չի բացառվում, որն ինձ այստեղից հիմա անհիմն տանեն: Երբ մարդուն ասում ես՝ հիմնավորի քո օրինական պահանջները, ինքը կարող է բերել ընդհանրական պատկերացում՝ ծառայողական անհրաժեշտություն:
Իմ պահանջները հստակ են, ես իմ գործողությունները կորակեմ որպես ինքնապաշտպանական, քանի որ ես հաղթել եմ երեք ատյաններում, արդարացի եմ համարվել ՍԴ-ի, ՄԻՊ-ի կողմից եւ այլն»,-ասաց պահեստազորի սպան: