
Մի քանի օր է ինչ Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության գործընթաց սկսկելու մասին է հայատարարել։ Ի հակադրություն իշխող թիմի Հայկ Մարությանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ «Իմ քայլը» և Հայկ Մարությանը կարծես չեն կարողանում լեզու գտնել։ Իշխող թիմն իրականում լավ կաներ հրաժարականի շուրջ բանակցություններ վարեր ոչ թե Հայկ Մարությանի հետ, այլ իր կնոջ՝ Իվա Մարությանի հետ։
Չպետք է մոռանալ, որ Հայկ Մարությանի քաղաքապետ ընտրվելուց հետո իրական քաղաքապետը կամ որ ավելի ճիշտ է ստվերային քաղաքապետը Իվա Մարությանն է։ Հենց նա է որոշում, թե քաղաքապետարանում ով ինչ պաշտոնի պետք է նշանակվի, ով պետք է աշխատանքից ազատվի։ Մարությանի կինն է որոշում, թե քաղաքապետարանը որ ընկերությունների հետ գնման պայմանագիր կնքի, իսկ որի հետ ոչ։
Երևանի քաղաքապետարանում «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարը և տեղակալը, Կոմունալ ծառայության ղեկավարը, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ղեկավարը, «Պիոներ» պալատի տնօրենը, «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենը, Շինարարության և բարեկարգման վարչության պետը, քաղաքապետի մի շարք օգնականներ և խորհրդականներ իրենց պաշտոններում նշանակվել են անձամբ Իվա Մարությանի որոշմամբ։
Հայկ Մարությանի կնոջ մասնակցությունը քաղաքային իշխանության գործերին այնքան ակնառու էր դարձել, որ ավագանու ընդդիմադիր անդամները ստիպված եղան 2020 թվականին բարձրաձայնել այդ մասին։ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն, ամիսներ առաջ անդրադառնալով Մարությանի կնոջ միջամտություններին՝ ասել էր. «Քաղաքապետի կնոջ կապվածաությունը բոլոր նորաստեղծ հիմնարկներին եւս ակնհայտ է, որեւէ մեկը թող չփորձվի սա մեկնաբանել որպես աշխատանք, այդ թվում նաեւ քաղաքապետը, որ իմ կինն ինձ օգնում է։ Շատ ուրախ ենք, որ ձեր կինը ձեզ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ քիթը չխոթի, որովհետեւ մասնագետ չէ, որովհետեւ պաշտոնյա չէ։ Արդեն 2 տարին լրանում է, ամեն օր լսում ենք քաղաքապետի կնոջ ոդիսականների մասին: Սա ես համարում եմ աննորմալ, կարծում եմ՝ քաղաքապետը իր կնոջը պետք է որոշակի չափերի մեջ պահի»։
Այս ամենից ելնելով «Իմ քայլը» խմբակցությունը ճիշտ կանի փոխի իր մարտավարությունը և գնա բանակցությունների իրական քաղաքապետի՝ Իվա Մարությանի հետ, եթե նա որոշեց հեռանալ առանց ցնցումների, ապա Հայկ Մարությանն անխոս կհեռանա։