Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները շեշ...

Մեր զրուցակիցն է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը:

-Հայաստանի տնտեսության ո՞ր ոլորտներն են հետաքրքրություն ներկայացնում օտարերկրյա կապիտալի համար:

-Օտարերկրյա կապիտալի համար հետաքրքրություն են ներկայացնում տարբեր ոլորտներ, մասնավորապես հանքագործական արդյունաբերության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, ՏՏ և զբոսաշրջային ենթակառուցվածքների, ինչպես նաև անշարժ գույքի գործունեության հետ կապված ոլորտները: Ընդլայնվել է հետաքրքրությունը նաև վերականգնվող էներգետիկայի նկատմամբ։

-Հայաստանում ի՞նչ հնարավորություններ ու խոչընդոտներ, հեռանկարներ ու ռիսկեր կան օտարերկրյա ներդրումների համար: Կառավարության կողմից ի՞նչ քայլեր են արվել ու արվում այդ խոչընդոտները վերացնելու, ներդրումային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ:

-Հարցը բավականին բազմաշերտ է: Հայաստանում շարունակում է ցածր մնալ ներդրումային գրավչությունը,կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք խանգարում են ներդրումների իրականացմանը։ Երկրում կայուն ներդրումային հոսքեր ներգրավելու համար կարևոր գրավականը, ի թիվս այլ գործոնների, կայուն և կանխատեսելի իրավական կարգավորումներն են և ներդրողների իրավունքների և մասնավոր սեփականության անձեռնմխելիության պաշտպանությունը: Կարծում եմ՝ անցումային արդարադատության կիրառման հավանակությունը բացասական է անդրադարձել Հայաստանի միջազգային համբավի վրա՝ որպես ներդրումների իրականացման ապահով և բարենպաստ միջավայր ունեցող երկրի: Թեև կառավարության կողմից հարկային բարեփոխումների շրջանակներում որոշ քայլեր են իրականացվել շահույթի հարկման բեռի թեթևացում (2%-ային կետով նվազում) և օտարերկրյա քաղաքացիների՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահա­բա­ժին­ների հարկման դրույքաչափերի նվազեցում (5% նախկին 10%-ի փոխարեն), որոնք ուժի մեջ կմտնեն 2020թ.-ի հունվարի 1-ից, սակայն այս քայլերը չեն լուծում իմ կողմից մատնանշված խնդիրները: Ինչ վերաբերում է հնարավորություններին, ապա օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում Հայաստանի իրական հնարավորություններից է Սփյուռքի առկայությունը, որի ներուժը դեռևս ամբողջությամբ չի գեներացվում:

-Ինչպե՞ս կգնահատեք ներդրումային ծրագրերի ակտիվությունը Հայաստանում իշխանափոխությունից առաջ և հետո:

-Ներդրումային ծրագրերի որոշակի ակտիվությունը հիմնականում իներցիոն բնույթ է կրում: Տնտեսությանը բնորոշ ռիսկերը, միջազգային խոշոր ներդրումային ծրագրի կասեցումն իրենց ազդեցությունն են ունեցել ներդրողների որոշումների և ծավալների վրա՝ տևական ժամանակ վերջիններիս մոտ ձևավորելով սպասումային իրավիճակ:

-Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները ի՞նչ ազդեցություն են ունեցել Հայաստանի նկատմամբ ներդրումային հետաքրքրությունների տեսանկյունից: Քանի՞ ներդրող է հետաքրքրվել մեր երկրում ներդրումներ անելու համար, ո՞ր ոլորտների նկատմամբ են ներդրողների հետաքրքրությունները: Այդ հետաքրքրությունները վերածվե՞լ են իրական ներդրումների: Քանի՞ ներդրում է եղել և ո՞ր երկրներից:

-Այսօր շատ է խոսվում, որ առկա են շուրջ 89 ներդրումային ծրագրեր՝ 2.7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ,  որոնք գտնվում են քննարկման տարբեր փուլերում և վերաբերում են էներգետիկայի, քաղաքաշինություն, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտների։  Թե այդ հետաքրքրությունների քանի՞ տոկոսը կարող են վերածվել իրական ներդրումների և ինչ խոշոր ներդրումային ծրագրեր են կյանքի է կոչվել հեղափոխությունից հետո, այս փուլում բարդ է պատասխանել, բայց որ 2019թ.-ի առաջին եռամսյակն ամփոփող թվերը փաստում են օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների շեշտակի նվազման մասին, ակնհայտ իրողություն է: Կառավարությունն առաջիկա տարիների համար նախատեսել է ներքին խնայողությունների խթանման և օտարերկրյա ներդրումների ծավալների աճի շնորհիվ ներդրումների մասնաբաժինը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել 23-25% մակարդակի: Պլանավորված ցուցանիշին հասնելու համար   ներդրումների ծավալների աճը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ արդյունք՝ իրականացվող համակարգային բարեփոխումների։

-Ներդրումային ցուցանիշներ: Հայաստանի տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների հոսքերը մի քանի տարվա տվյալների համեմատությամբ: Օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) ավելացե՞լ են, թե՞ կրճատվել. պատճառները:

-2018թ. նախորդ տարվա համեմատ, ճշգրտված տվյալներով,  ՕՈՒՆ-ի ծավալներն ընդամենը 1.3% աճ են արձանագրել` կազմելով շուրջ 254 մլն ԱՄՆ դոլար: Սակայն,  2019թ.-ի առաջին եռամսյակում ՕՈՒՆ-ի ծավալները շուրջ 63.5% անկում են գրանցել՝ կազմելով 34.4 մլն ԱՄՆ դոլար: Ցավոք,  շուրջ 22%-ով նվազել են նաև վերաներդրված եկամուտները՝ կազմելով 38.2 մլն ԱՄՆ դոլար: Ամբողջ աշխարհում վերաներդրումները հանդիսանում են ՕՈւՆ-ի կարևոր բաղադրիչը՝ որպես վերաներդրված եկամուտ: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ ՀՀ-ում գործող օտարերկրյա կապիտալով որոշ ընկերություններ և/կամ ընկերություն նորից չեն ներդրել իրենց կողմից ՀՀ տարածքում ստացված եկամուտները: Պատկերն հետաքրքրական է, երբ դիտարկում ենք օտարերկրյա ներդրումների ծավալները զուտ հոսքերի տեսանկյունից, որը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ մարումները՝ այն է դուրս գնացող կապիտալը գերազանցել է ստացումներին՝ մուտք արվող գումարներին: Ջերսիի դեպքում արձանագրվել է բացարձակ փոփոխության տեսանկյունից ամենամեծ մեծությունը՝ կազմելով շուրջ -20.6 մլրդ ՀՀ դրամ, քանի որ ՕՈՒՆ-ի զուտ հոսքը 2019թ. առաջին եռամսյակում կազմել է 0 դրամ: Ներդրումներն այս երկրից կատարում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը և այս նվազումը մեծամասամբ պայմանավորված է Ամուլսարի ծրագրի փաստացի սառեցմամբ: Փաստենք, որ հանքարդյունաբերության ոլորտում զարգացումները բացասաբար են ազդել ՀՀ իրական հատվածում ՕՈւՆ-ի ծավալների վրա:

Ադրինե Թորոսյան