Օնիկ Գասպարյանը իրավունք չունի բանակը տանել կ...

Երբ ԶՈՒ ԳՇ-ն հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հասարակության այն հատվածի մեջ, ովքեր մտահոգ են երկրում ստեղծված ներկայիս աղետալի վիճակով, անկեղծորեն արձանագրենք, հույս արթնացավ, որ այս գահավիժումը կկասեցվի։ Սակայն որքան էլ զարմանալի էր, ԳՇ-ն հետագա օրերին ոչ մի քայլ չարեց, հնարավորություն տալով Նիկոլ Փաշինյանին հակահարված հասցնելու։ Իրականում ոչ միայն հայաստանյան հասարակության մոտ կա անհասկացողություն ԳՇ դանդաղկոտությունից։ Որպես կանոն այն իրավիճակը, որը այժմ Հայաստանում է, պարզապես չի եղել երբեւէ, որովհետեւ դեռ երբեք՝

• Որեւէ երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբը, ասել է՝ տվյալ երկրի ռազմական էլիտան գործադիր իշխանության հրաժարականի պահանջով հանդես գալուց հետո ձեռքերը չի ծալել ու խելոք սպասել, թե ինչ է լինելու հետո

• Ռազմական էլիտայի թիրախում հայտնված գործադիրի ղեկավարը չի ունեցել հնարավորություն հակահարված հասցնելու, առավել եւս՝ ի աջակցություն իրեն՝ ցույց անելու ու մի բան էլ ռազմական էլիտայից քավության նոխազ ընտրելու եւ մյուսներին ներում շնորհելու։ Հայաստանում այն ինչ կատարվում է անընկալելի լինելուց բայց նաեւ չափազանց վտանգավոր է։ Նախ, որովհետեւ եթե խոսք է ասվել եւ պահանջի տակ ստորագրություն է դրվել, ապա պետք է տեր լինել այդ խոսքին ու ստորագրությանը։ Դա զուտ մարդկայնորեն մարդու արժանապատվության, պատվի բաղկացուցիչ է։

Հակառակ դեպքում այդ խոսքն ու ստորագրությունը արժեզրկվում է, անձն էլ հեղինակազրկվում, ավելին կառույցը, որը պահանջով է հանդես եկել, մեղմ ասած հավասարվում է զրոյի իր կշռով ու սկսում է ինքնաոչնչանալ։ Բացի այդ, եթե հիմա ԳՇ-ն շարունակի հույսը դնել քաղաքական ճամարտակությունների վրա, ապա նաեւ կհեղինակազրկի ողջ զինված ուժերին, բանակը։ Իսկ Հայաստանի համար բանակը այն եզակի կառույցն է, որը կարելի է համարել կայացած նույնիսկ հիմա՝ խոցված ու վիրավոր։

Եվ վերջապես, եթե քայլեր չարվեն, ապա հասարակության այն հատվածի մոտ, ովքեր հույս ունեին դեռ, որ մի բան կարելի է փոխել եւ երկրի կազմաքանդումը կասեցնել, կսկսվի հուսախաբություն եւ վստահության դեֆիցիտ հենց բանակի, փոփոխությունների հնարավորության եւ երկրի ապագայի հանդեպ ընդհանրապես։ 

Պատասխանատվությունը, որը ստանձնել են Օնիկ Գասպարյանն ու նրանք, ովքեր միացել են նրան, ահավոր մեծ է, կարելի է ասել՝ ճակատագրական։ Ինչպես ասվում է՝ վիճակը նետված է ու գնդակը հենց ռազմական էլիտայի դաշտում է։ Կկարողանան ճիշտ գոլ ձեւակերպել, թե պետականության վերջին բաստիոնն էլ կփլուզվի, կախված է հենց իրենցից։ Ավելի կոնկրետ՝ Օնիկ Գասպարյանը իրավունք չունի բանակը տանել կրկնակի պարտության: