Նիկոլ Փաշինյանը ստել է և քարոզչական նպատակով...

Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության առաջին իսկ օրերից իր վարկանիշի բարձրացման նպատակով մշտապես օգտագործել է իր ընտանիքի անդամներին և հատկապես երեխաներին։ Հանրությունն արդեն սովորել է, որ Փաշինյանը մեդիավահանի դեր է տվել իր երեխաներին և հենց տեղեկատվական ծանր ժամանակներ են սկսվում՝ նա գործի է դնում իր մեդիավահանը։

Հիմա, պարզվում է, Փաշինյանը փորձում է օգտագործել նաև իր թիմակիցների երեխաներին և ընտանիքի անդմաներին։  Առաջինը այս գործում Փաշինյանին «օգնության» հասան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքի անդամները։

Նոյեմբերի 9-ին, երբ Փաշինյանի դավաճանական քայլից բարկացած ամբոխը ծեծեց Արարատ Միրզոյանին, մի քանի ժամ անց Փաշինյանը ուղիղ եթեր մտավ և հայտարարեց․ «․․․ինչ որ ստահակներ, ստահակներ հարձակվել են Արարատ Միրզոյանի վրա ու իր երեխայի վրա»։

Այս հայտարարությունից հետո իշխանական քարոզչամեքենան գործի անցավ և սկսեց ազդել հասարակության զգացմունքների վրա։  Իշխանությունների նպատակը մեկն էր՝ դեմոնիզացնել հայրենիքի դավաճանության դեմ դուրս եկած ցուցարարներին։ Քարոզչամեքենայի համար անգամ կարևոր չէր այն հանգամանքը, որ ցուցարարների մեծ մասը կապ չուներ բռնությունների և Արարատ Միրզոյանի ծեծի հետ։

Ճշմարտության բացահայտումը սակայն իրեն սպասեցնել չտվեց։ Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը  Արարատի Միրզոյանի ծեծի գործից մանրամասները էր ներկայացրել։ Թերթը տեղեկացրել էր, որ Միրզոյանի հետ իր երեխաներից որևէ մեկը չի եղել, ի սկզբանե սխալ տեղեկություններ են տարածվել: Միրզոյանը միայնակ է եղել՝ խորհրդարանից տուն վերադառնալու ճանապարհին:

Այս ամենն իհարկե սպասելի էր, սպասելի էր, որ Փաշինյանը կստի, բայց անսպասելի էր Արարատ Միրզոյանի լռությունը։  Նա տեսնում էր, թե ինչպես է իշխանական քարոզչամեքենան շահարկում իր հետ չեղած իր երեխայի հանգամանքը, բայց լռում էր։ Միրզոյանի լռությունից կարող ենք ենթադրել, որ նա համաձայնել է, որպեսզի Փաշինյանն օգտագործի իր երեխային քարոզչական նպատակներով։