Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի՞ Սամվել Ա...

Իշխանական բուրգում բավական հաճախ վարչապետից մինչեւ միջին օղակի չինովնիկներ, խոսում են կեղծ տեղեկատվության դեմ պայքարի մասին։ Ինքնին հասկանալի է, «ֆեյք նյուզի» դեմ պայքարը եւ «ֆեյք նյուզի» մասին խոսելն առհասարակ, համաշխարհային թրենդ է, եւ սկսած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից խոսում են այդ մասին։

Հայաստանում էլ հասկանալի է, ուզում են հետ չմնալ, եւ Նիկոլ Փաշինյանից մինչեւ օրինակ որոշ միջին չինովնիկներ, փորձում են թրենդի մեջ մնալ։ Սակայն զարմանալի է, որ ինչպես Թրամփն է խոսում «ֆեյք նյուզի» մասին եւ կեղծ լուրերի տարածմամբ զբաղվում (հիշեցնենք, ամերիկյան շատ հեղինակավոր հետազոտական կենտրոններ եւ ԶԼՄ-ներ հաշվել են, թե օրական ամսվա եւ տարվա կտրվածքով քանի սուտ է խոսում Սպիտակ տան ղեկավարը) նույնպես եւ Հայաստանի իշխանավորները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած մինչեւ որոշ միջին չինովնիկներ։

Դեռեւս հեղափոխությունից առաջ, երբ Փաշինյանը դեռեւս ընդդիմադիր պատգամավորի ամպլուայի մեջ էր, դերին համապատասխան, ԱԺ-ից հայտարարեց այն ժամանակվա օլիգարխ, իսկ այսօր իշխանությունների սիրելի խոշոր ձեռնարկատեր Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացված առեւանգումների եւ կազմակերպած սպանությունների մասին պահանջելով այն ժամանակվա ՀՔԾ-ից հետաքննել իր «ՀԺ»-ում այդ մասին տպված հոդվածում բերված դեպքը Արմեն Իսրայելյանի սպանության հետ կապված։ Այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը պահանջեց նաեւ, որ հատուկ քննության առարկա դառնա նաեւ Ոստիկանության Մալաթիայի բաժնի գործունեությունը, որպեսզի պարզվի, թե ոստիկանության այդ բաժինը ՀՀ Ոստիկանության բաժինն է, թե՝ Սամվել Ալեքսանյանի անձնական օգտագործման ոստիկանության բաժինն է։

Իսկ ահա ընդամենը երկու երեք տարի անց, ՀՀ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը Politik.am-ի հարցին ի պատասխան, կապված Արմեն Իսրայելյանի մինչ այժմ չբացահայտված սպանության գործի առնչությամբ հայտարարել է, որ Հայաստանում կան չբացահայտված հանցագործություններ, եւ կան հանցագործություններ, որոնք դեռեւս բացահայտված չեն, սակայն ընթացքի մեջ են եւ իրավապահ համակարգի առաջ դրված է խնդիր անել առավելագույնը չբացահայտված հանցագործությունները բացահայտելու համար։

Փաշինյանը նկատել է, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ կան չբացահայտված հանցագործություններ, այդպիսով լիովին համարելով, որ ինքը մեղավորության բաժին չունի, որ Արմեն Իսրայելյանի սպանությունը դեռ չի բացահայտվել, ով, ի դեպ, սպանվել էր «ՀԺ»-ին տված հարցազրույցից հետո։ Ավելին, Փաշինյանը հակադարձելով մեր տված հարցին, նշում է, որ Իսրայելյանը կարող էր սպանվել այլ մեկի ընտանիքին պատկանող լրատվամիջոցին հարցազրույց տալու համար եւ դա իր համար անհասկանալի է։

Ստացվում է, որ երկու տարում, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում եւս Փաշինյանը կարծիք է փոխել, ու հիմա եթե այն ժամանակվա հրապարակման մեջ կար ոչ հավաստի տեղեկություն, ապա «ֆեյք նյուզի» դեմ պայքարող վարչապետի համար ավելի ազնիվ կլիներ ներողություն խնդրել դրա համար, որպեսզի հասարակությունն էլ մենք էլ իմանայինք, որ նրա համար «ոչ հավաստի լուրեր» հրապարակողի էջը փակվել է եւ անցնենք առաջ։