Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանին դիմում է «պար...

Աղվան Պետրոսյանը գրում է․

«Երեկ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը:
Հանդիպումը ուշագրավ էր և՛ բովանդակային, և՛ ժամանակացույցի առումով:
Նախ հանդիպման ընթացքում բացակայում էր Արցախի Հանրապետության դրոշը, տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, ինչն էլ բովանդակային առումով իր մեջ պարունակում է հետաքրքիր մեսիջներ և՛ ներսի, և՛ դրսի համար:
Հիշեցնեմ, որ Բակո Սահակյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախորդել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը:
Երկրորդ կարևոր իրողությունը՝ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանին դիմում է «պարոն մարզպետ» դիմելաձևով, ակներև է, որ սա ո՛չ վրիպակ է, ո՛չ էլ պրոտոկոլային խախտում:
Սա վտանգավոր երևույթ է, որը քարոզչական դաշտում տևական ժամանակ տարածում էին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ու աջակցող ուժերը:
Ի՞նչ է նախապատրաստել Փաշինյանը Արցախի մասով, թերևս կերևա մոտ ժամանակներս, բայց արդեն հասկանալի է, որ Արցախի հարցում տեղի են ունենում գործընթացներ, որոնց պայմանավորվածությունները ձեռք են բերել Ալիևը ու Նիկոլ Փաշինյանը: Այս մասին երեկ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
Հ.Գ. Անցած 10 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էր Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու ու Մեղրին հանձնելու մեջ: Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը վարում է մի քաղաքականություն, Արցախը հռչակելով ՀՀ մարզ, միտված է վերջնականապես զրկել Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մտքից:
Հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, առաջին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ինքը լիազորված չէ Արցախի անունից բանակցելու:
Ի՞նչը փոխվեց Նիկոլ Փաշինյանի մոտ, ի՞նչ են ծրագրավորել Արցախի հարցում, կերևա մոտ ապագայում»: