Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանն այսօր հեր...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հերթական անգամ «կրակոցներով փոխանակվեցին» ֆեյսբուքյան հարթակում։ Ասել է, թե քաղաքական «թեժ աշունը» Հայաստանում սկսված է։ Սրացումը ներքաղաքական կյանքում սպասելի էր։ Փաշինյանի համար բավական տհաճ վիճակ է։ Կորոնաթվերը էլի սկսել են աճել՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին համահունչ։ Տնտեսության վիճակը էն չի։ Ներդրումներ չկան։ Ստերը բացահայտվում են մեկը մյուսի հետեւից։ Ռեյտինգն էլ «աղջիկ վախտվանը» չի։ Մարդիկ սկսում են հարցեր տալ։

Նույնիսկ «ֆեյքաբուծարանում» չգիտեն ինչպես Ռուբեն Մխիթարյանի «հեքիաթաշարի» դեմն առնեն։ Ու պետք է ինչ որ տեսարաններ, որ հասարակությանը զբաղեցնի, շեղի հիմնական թեմաներից։ Ու կապ չունի այն, որ թեման, որը փորձում է «տաքացնել» գործող վարչապետը, վաղուց փակված է։ Էականը դա չէ։ Կարեւորը ստատուստը գրվեց, լայքերը եղան, քոմենթները նույնպես, մամուլը արտատպեց, Ծառուկյանն արձագանքեց, ու «թատրոնը» սկսված է։ Թե մինչեւ ուր կխորանա այս «փոխհրաձգությունը» դժվար է ասելը։ Փաշինյանը շատ չի խորանա ամենայն հավանականությամբ։ Երեկ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը բավական հետաքրքիր բացահայտումներ արեց այսպես կոչված «բելառուսական մայդանի» մասին։ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն դիրքավորվել են որպես ռուսամետներ։ Դա նաեւ ապացուցվեց նախազգուշական կրակոցի ժամանակ, երբ «Եդինայա Ռոսիան» բավական ուղիղ տեքստով դա ակնարկեց։ Ռուսների ձեռքին լուրջ խաղաքարտեր կան Փաշինյանի հետ կապված՝ հայտնի ծխախոտ, ոսկի ադամանդ, երեւի նաեւ՝ մետաղի ջարդոն ու էլի ինչ իմանաս թե ինչ։

Շատ խորանալու դեպքում, ով իմանա, գուցե Նարիշկինը սկսի նաեւ «հայկական թեմատիկայով» խոսել։ Ռուսաստանը բավական բարդ վիճակ է ստեղծել։ Նույնիսկ Զոհրաբ Մնացականյանի Եգիպտոս այցը եթե Մոսկվան չուզենա, հնարավոր չի լինի մատուցել սկուտեղի վրա Կրեմլին։ Հայկական միջավայրում կարծես արդեն ճեղքում կա՝ Հայաստանի իշխանություն եւ Հայ ժողովուրդ տարանջատումը Սփյուռքում զգացվում է։ Մոսկվան մեծ ջանքեր չի գործադրել դրա համար, պարզապես օգտվել է Փաշինյանի սխալներից եւ օգտագործել դրանք իր շահերի համար։ Մնում է հուսալ, որ խելամիտ կգտնվի Հայաստանի գործող վարչապետն ու չի անի քայլեր, որոնք չեն հանգեցնի գլոբալ ուժային կենտրոնների պայքարի շղթայում Հայաստանի ներառմանը, թեկուզեւ որպես աննշան օղակ։