Նավալնուն թունավորել են «մահացու վտանգավոր» ն...

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնու կինը՝ Յուլիա Նավալնայան, հայտնել է, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է նյութ, որով թունավորել են ընդդիմադրին։ Այս մասին նշված է Օմսկում Նավալնու շտաբի հաղորդագրության մեջ։

«Այն (նյութը) վտանգավոր է շրջապատողների կյանքի համար։ Նրա կողքին գտնվող բոլորի համար հատուկ հանդերձանք է պահանջվում։ Այս պատճառով են մերժում Ալեքսեյին կնոջը տալ»,- ասել են շտաբից։

 
Նավալնու օրգանիզմում հայտնաբերված նյութի անվանումը չի բացահայտվում, հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Տրանսպորտային ոստիկանությունից դա պատճառաբանել են «քննության գաղտնիքով», ասել է Հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը, փոխանցում է «Մեդուզան»։

Յարմիշը Իվան Ժդանովի եւ Յուլիա Նավալնայայի հայտարարությամբ տեսանյութ է հրապարակել։ Նավալնու կինը հայտնել է, որ չի վստահում Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցին, որտեղ գտնվում է իր ամուսինը։ Նա կարծում է, որ բժիշկները քաղաքական գործչին կլինիկայում են պահում եւ թույլ չեն տալիս նրան բուժման տեղափոխել Եվրոպա, որպեսզի «այն քիմիական նյութը, որ կա Ալեքսեյի օրգանիզմում, անհետանա»։

Օգոստոսի 21-ի առավոտյան Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հրաժարվել էր Ալեքսեյ Նավալնուն Գերմանիայի կլինիկա տեղափոխելու թույլտվություն տալ, քանի որ նրա վիճակը կայուն չէ եւ նրան անհնար է տեղափոխել։

Բժիշկներն առայժմ չեն հայտնել Ալեքսեյ Նավալնու ախտորոշումը։ Նրա համախոհները կարծում են, որ քաղաքական գործչին թունավորել են։