Նախընտրական զարգացումներ Ռուսաստանի քաղաքական...

Ինչպես հայտնի է այս տարվա աշնանը՝ սեպտեմբերի 19-ին, Ռուսաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Ասել է, թե տարին Ռուսաստանի համար նախընտրական է լինելու, իր բոլոր վայրիվերումներով հանդերձ։

Երեկ՝ Պետդումայի գարնանային լիագումար նստաշրջանի բացման առիթով Պետդումայի նախագահ Վլաչեսլավ Վոլոդինի եւ հետո նաեւ՝ մյուս պատգամավորների եւ ֆրակցիաների ղեկավարների ելույթներում նախընտրական տարվան հատուկ վայրիվերումների մասին բավականին խոսվեց, հատկապես՝ արտաքին միջամտության, կամ արտաքին ազդեցության գործակալների կողմից ընտրություններում «ջուր պղտորելու» փորձերի մասով, հատկապես շեշտելով Ալեքսեյ Նավալնու գործոնն այդ համատեքստում։ Իհարկե, բավական պերճախոս գտնվեցին ռուս պատգամավորները նաեւ Միացյալ Նահանգներին եւ ամերիկյան դեմոկրատիայի մոդելը քննադատելիս։ Տպավորություն էր, որ խոսում են դասական բռնապետության մասին։ Ինչեւէ, հասկանալի է, որ նախընտրական արշավի բաղադրիչներից մեկն էլ լինելու է հակա-արեւմտականությունը, թեզ, որը բոլոր ժամանակներում հիանալի աշխատել է ռուսական հասարակության եւ քաղաքական համակարգերում։

Արդեն այսօր հայտնի դարձավ, որ երեք կուսակցություններ՝ «Հանուն ճշմարտությանը», «Ռուսաստանի հայրենասերները» եւ «Արդար Ռուսաստանը» որոշել են միավորվել։ Այս մասին հայտարարել է «Արդար Ռուսաստանի» ղեկավար Սերգեյ Միրոնովը։ Այն, որ կուսակցությունները միավորվելու են, խոսակցություններ ռուսական մամուլում պտտվում էին դեռ անցյալ տարվա վերջից։ Դա համարվում էր խելացի մոտեցում, առաջիկա ընտրապայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար։ Ընդ որում, հայտնի էր, որ Միրոնովը մի քանի կուսակցությունների հետ է միանգամից բանակցություններ վարում՝ «Ռոդինա» կուսակցության եւ «Թոշակառուների կուսակցության»։ Միրոնովը հակված է նրան, որ բոլոր ձախակողմյան քաղաքական ուժերը միավորվեն, սակայն իրականությունը այլ է, քանի որ առկա են եւ ֆորմալ խնդիրներ եւ անձնական ամբիցիաներ։ Հայտնի է դարձել նաեւ, որ առաջիկայում Կրեմլը նախաձեռնելու է մի շարք միավորիչ համագումարներ ձախակողմյաններին միավորելու եւ փոքր կուսակցական պրոյեկտները «ուտիլիզացիայի ենթարկելու» համար։ Նպատակը մեկն է՝ Կրեմլը ուզում է, որ պահպանվի ապագա խորհրդարանում քառակուսակցական ներկայացվածությունը։ Կրեմլում ցանկանում են, որ «Արդար Ռուսաստանը» ներկայացված լինի Դումայում, քանի որ եթե Դումայում ներկայացված լինեն միայն Ռուսաստանի ԿԿ-ն, Ռուսաստանի ԼԴ կուսակցությունը եւ իշխող «Եդինայա Ռոսիան», ապա կոմունիստներին եւ ժիրինովականներին շատ բան կհասնի, իսկ դա Կրեմլը չի ուզում։