Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ո...

Մյանմայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ։ Ըստ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի՝ էպիկենտրոնն ընկած է եղել Սագայն քաղաքից 16 կմ հեռավորության վրա, օջախի 10 կմ խորությամբ։ BBC-ն հաղորդում է, որ ցնցումներ են զգացվել նաև հարյուրավոր կմ հեռավորության վրա՝ Թաիլանդում և Չինաստանի հարավարևմտյան Յունանի նահանգում։

Մյանմայի մայրաքաղաք Նեյպիդոյում վնասվել են ճանապարհներ, Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում վնասվել են շենքեր։ 

Ականատեսներից մեկը Reuters գործակալությանը հայտնել է, որ Տաունգու քաղաքում մզկիթներից մեկը մասնակի փլուզվել է. չորս մարմին դուրս է բերվել փլատակներից, սակայն այնտեղ դեռ էլի մարդիկ կարող են լինել։

Մյանմայի իշխանությունները երկրաշարժի պատճառած վնասների մասին պաշտոնապես ոչինչ չեն հայտնել։ Հրշեջ ծառայության աշխատակիցներից մեկը Reuters-ին հայտնել է, որ սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները և վնասի գնահատումը։