Մոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին...

Ռուս հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը «Մոսկվա–Բաքու» լրատվամիջոցին բավական ուշագրավ հարցազրույց է տվել՝ նշելով, որ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ։ Դուգինը, որը Ռուսաստանում թուրք-ադրբեջանական լոբբինգի հիմնական դեմքերից է և աչքի է ընկնում իր հակահայկական կեցվածքով ու դիրքորոշումներով, մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել։

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Դուգինը, 2016թ-ի Ապրիլյան պատերազմից հետո, ՌԴ Դումայի մի շարք պատգամավորների, քաղաքագետների հետ մասնակցում էր Ջոջուք Մարջալի բնակավայրում անցկացված ՝ «Մոսկվա -Բաքու՝ աշխարհաքաղաքական առանցք։

Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» վերտառությամբ կոնֆերանսին։ Նա Մոսկվա-Բաքու ռազմավարական առանցքի հիմնական ջատագովներից է։ Ինչևէ, այս հարցազրույցում Դուգինը խոսում է այն մասին, ստեղծված իրավիճակում Բաքվի պահվածքից շատ բան է կախված։ «Շատ կարևոր է, թե ինչպես է նոր պայմաններում Ալիևը կառուցելու հարաբերությունները Մոսկվայի ու Անկարայի հետ։ Չեմ կարծում, որ Ալիևի շահերից է բխում շրջվել Թուրքիայի ուղղությամբ։ Նա հասկանում է, որ դա ադրբեջանական շահերից չի բխում։ Համոզված եմ, որ նա կփորձի պահպանել չեզոքությունը, Մոսկվայի ու Անկարայի հետ հարաբերություններում հավասարակշռությունը։ Հիմա նրան պետք է շարունակել վերականգնել Ղարաբաղը՝ աշխատելով թույլ չտալ ավելորդություններ։ Վերականգնման գործընթացը պիտի շատ նուրբ լինի։ Դա չափազանց կարևոր է և դրանից շատ բան է կախված»,- ասել է Դուգինը։

Նրա խոսքով՝ հիմա շատ բան կախված է Բաքվից նաև այն, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության հարցը։ «Եթե հարցը լուծվի ներդաշնակ կերպով, դա մեծ ձեռքբերում կլինի։ Ամեն ինչ հիմա այնքան էլ վատ չի ընթանում։ Եվ եթե այսպես շարունակվի, ապա ռուս-ադրբեջանական հարաբերությունների այդ գործոնը կվերածվի նոր որակի»,- ասել է ռուս քաղաքագետը։

Բացի այդ, նրա կարծիքով՝ «ժամանակն է, որ Բաքուն միանա ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին», քանի որ Ղարաբաղի հարցն էլ, իբր, լուծված է։ «Ամեն ինչ, քիչ թե շատ, կարգավորված է։ Ադրբեջանի՝ ԵՏՄ մտնելու դանդաղեցումը, այդ ուղղությամբ քայլերի բացակայությունը, իմ կարծիքով,  Մոսկվայի մոտ թյուրըմբռնում կստեղծի։ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿի-ի հետ մերձեցումը այն շրջանում էր, երբ խոսքը գնում էր Ղարաբաղի ու նրա  5 շրջանների մասին։ Պուտինն ու Ալիևը մեծ դժվարությամբ ստեղծեցին մոդելը, որը բերեց Ղարաբաղում Բաքվի համար նման դրական արդյունքի։ Ջանքերը տիտանական էին»,- նշել է Դուգինը՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել իր ընկերներին, և որ Պուտինը ընկալում է Ալիևին, որպես իր ռազմավարական գործընկերոջ։ Ռուս քաղաքագետն այն կարծիքին է, որ հիմա պիտի նայել, թե ինչ աստիճանով է Ադրբեջանը պատրաստ ինտեգրվել Ռուսաստանի հետ։ Ըստ նրա՝ Ռուսաստանն իր խոստումը կատարել է և հիմա հերթը Ադրբեջանին է։

«Մոսկվան ամեն ինչ արել է, ինչ պահանջվում էր, կատարել է իր խոստումները։ Մենք նպաստեցինք Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության կնքմանը, մենք օգնեցինք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։ Բայց այդ կարգավիճակը պետք է լինի, հակառակ դեպքում իրավիճակն այսպիսի տեսք ունի՝ մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, իսկ պատասխան ստանում ենք՝ «ոչ մի դեպքում, ոչ դաշնակցային ուժ»։ Մի՞թե դրա համար է անցկացվում հեռանկարային Մոսկվա-Բաքու առանցքը, որը դիրքավորում էր Ադրբեջանին, որպես Հարավային Կովկասում գլխավոր ռազմավարական դաշնակցի»,- հարց է տալիս Դուգինը ու նշում՝ սպասում են, որ հաջորդ քայլը կլինի Բաքվից։

«ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին անդամակցումը կդադարեցներ որևէ կողմի խոսակցությունը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և դրա համար նրան պիտի օգնենք։ Այդպիսով՝ Ադրբեջանն ու Հայաստանը կհավասարվեն ու Ադրբեջանը կարող է իրեն ավելի ազատ զգալ։ Ռազմատեխնիկակական համագործակցությունն էլ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև գտնվում է ամենաբարձր մակարդակում»,- ասել է Դուգինը։