Մոսկվան Հայաստանից բեռնափոխադրումների ոլորտու...

Որքան մոտենում են հունվարի 11-ի եռակողմ երկրորդ Հայտարարության կյանքի կոչման ժամկետները, այնքան ավելի հաճախակի են դառնում խոսակցություններն այն մասին, թե ընդհանրապես տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների եւ կապերի ապաշրջափակումը որեւէ օգուտ կարող է տալ Հայաստանին եւ արդյոք հայ գործարարի համար ապահով է իր ապրանքը հասցնել Ռուսաստան Ադրբեջանի տարածքով։

Իրականում, ինչպես եւ նախատեսված է եղել նախապես, Ռուսաստանն իր օրակարգն առաջ մղելով հունվարի 11-ի հանդիպմանը, բավական լավ կերպով կարողացավ իր շահերը առաջ տանել։ Կոնկրետ օրինակների վրա դիտարկենք մի նյուանս։

Նախիջեւանի հետ կապն ապահովող միջանցքի գործունեությունը, որքան հայտնի է, վերահսկելու է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։ Ասել է, թե այդ միջանցքը գտնվելու է ռուսական հաղորդակցության ներքո․ ավելի պարզ՝ Բաքվի եւ Անկարայի «երազանքների միջանցքը» վերահսկելու են ռուսները։ Հետեւաբար արդեն կարելի է պատկերացնել պարզ գործարք, որ այդ ճանապարհը կլինի անխափան, եթե Հայաստանից բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովվի։ Ընդ որում, բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցները պարտադիր չէ, որ երթեւեկեն Հայաստանի դրոշի ներքո։ Հայաստանում երկաթուղին գտնվում է ռուսների հսկողության ներքո, այսինքն, տրանսպորտային փոխադրող մի միջոցն արդեն երթեւեկելու է ռուսական դրոշի ներքո։

Նույնը կարելի է անել նաեւ ավտոտրանսպորտային փոխադրումների ոլորտում, ներգրավելով ռուսական հեռագնա ավտոբեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին։ Այլ կերպ ասած, հայ գործարարը, որը իր արտադրած ապրանքը ուզում է հասցնել Ռուսաստան շրջանցիկ ճանապարհով, ոչ Վրաստանով, ստիպված է լինելու ապահովության եւ անվտանգության նկատառումներից ելնելով դիմել ռուսական փոխադրական ընկերություններին, որոնք էլ արդեն կիրականացնեն փոխադրումները՝ առանց որեւէ խնդրի։ Այսինքն, ակամա հայ գործարարը տրանսպորտային փոխադրական կախման մեջ է հայտնվում ռուսական կողմից, եթե ուզում է շրջանցել Լարսի ճանապարհը, որը տարին մի քանի անգամ փակվում է։