Մոսկվան չի հավատում Բաքվի «արցունքներին»

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, երեկ լրագրողների հետ տեղի ունեցած հերթական հանդիպման ժամանակ, անդրադարձել է Լիբանանից Հայաստան վերադարձած հայերի՝ ԼՂՀ-ում վերաբնակեցման հարցին։

Հիշեցնենք, որ Արցախի իշխանությունները որդեգրել են մի կուրս, որով Բեյրութի պայթյունից հետո Հայաստան վերադարձած լիբանանահայերին առաջարկվում է բնակություն հաստատել Արցախում։ Արդեն իսկ երկու ընտանիք վերաբնակեցվել է։ Սա առաջ է բերել Ադրբեջանի հերթական հիստերիկ արձագանքը եւ Բաքուն օրուգիշեր թմբկահարում է այն, որ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում վերաբնակեցվում են լիբանանահայեր»։

Ադրբեջանական երեւակայությունը այնտեղ է հասել, որ նույնիսկ ասում են, որ «ադրբեջանական գրավյալ տարածքները հայացվում են» (ասես մինչ այդ Մարս մոլորակի բնակիչներն են եղել Արցախի բնիկները, որ հիմա էլ հայացման խնդիր կա)։ Սա նոր բան չէ Բաքվի քարոզչամեքենայի համար, քանի որ մինչ այդ էլ, Սիրիական ճգնաժամի թեժ փուլում, նույնը ասվում էր սիրիահայերի մասին։

Եվ ահա, Մարիա Զախարովան, ըստ «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցման, բավական խուսափողական պատասխան է տվել, ասելով, որ իրենք տեղեկություն ունեն միայն երկու ընտանիքի վերաբնակեցման մասին, իսկ զանգվածային վերաբնակեցման հետ կապված ճշգրտված եւ արժանահավատ տեղեկություններ ՌԴ ԱԳ նախարարությունը չունի։ Հետաքրքրական է այս հատվածը պատասխանի, քանի որ պարզ ասած՝ Մոսկվան ակնարկում է, որ չի հավատում Բաքվի աղմուկին այն դեպքում, երբ դեռ երկու ընտանիք է փաստացի վերաբնակեցված։