Մնացականյան-Բայրամով հանդիպումից առաջ ինչ անհ...

Օրեր առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փարիզում խորհրդակցություն են անցկացրել Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների հետ կապված, հաշվի առնելով այն իրավիճակը, որը ռեգիոնում հաստատվել է հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունից հետո։

Այս խորհրդակցության փաստն ինքնին դրական նշան է, քանի որ հուլիսյան սրացումից հետո հերթական անգամ փաստվում է, որ Երեւանն ու Բաքուն չեն հրաժարվում ոչ միայն բանակցություններից, այլ նաեւ շփման գծում մոնիթորինգ անցկացնելու գաղափարից։ Սակայն անկախ դրական ընդհանուր տրամադրվածությունից, պետք է նկատել նաեւ այն մտահոգիչ պահերը, որոնք առկա են կարգավորման ընթացքի ներկայիս փուլում։

Մենք արդեն գրել էինք, որ «առանց նախապայմանների» տերմինի օգտագործումը կարծես թե նորություն է։ Ավելին, կարելի է կարծել, որ կողմերից մեկը հրաժարվում է օգտագործել այն օրակարգը, որը մշակվել է բանակացությունների համար նախաբախումային փուլում Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։

Սա նշանակում է, որ բանակցությունները ընդամենը բանակցելու համար են առաջ մղվում եւ դժվար թե հարցը զրոյական կետից առաջ գնա, ինչպես նկատում է ռուս վերլուծաբան Ս․ Տարասովը, «Ռեգնումում» հրապարակած իր հոդվածում, նշելով, որ հենց նման «տեղում դոփելու» վտավախությամբ պայմանավորված էր, որ Մոսկվան առաջարկում էր իր միջնորդական ջանքերը Երեւանին եւ Բաքվին՝ սահմանային լարվածությունից հետո, եւ որոնք ընդունվեցին, ինչը ակնհայտորեն երեւաց Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպումից հետո։

Բայրամովը առաջարկել է նոր օրակարգ, ըստ որի, Մինսկի խումբը պետք է ղեկավարվի ՄԱԿ ԱԽ հայտնի չորս բանաձեւերով, որոնք առաջ է մղում Բաքուն, ինչին Լավրովը հակադարձել է, որ այդ չորս բանաձեւերից բացի, կան նաեւ բազմաթիվ այլ փաստաթղթեր, որոնք ստորագրվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, եւ տխուր կլիներ կորցնել այն ողջ բազան Ղարաբաղյան կարգավորման հետ կապված, որը մշակվել է ու կուտակվել այս տարիների ընթացքում։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցից կարելի է եզրակացնել, որ Երեւանն ու Մոսկվան համընթաց են քայլում եւ հիմնական խնդիրը, որը լուրջ մտահոգվելու առիթ է Մնացականյան-Բայրամով առաջիկա հանդիպումից առաջ, առաջացնում է Բաքուն, փորձելով ինչ որ նոր օրակարգ առաջ քաշել՝ շեշտադրելով ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերի առաջնայնությունը կարգավորման փաթեթի մյուս փաստաթղթերի հանդեպ։