Մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը բոլոր համայնք...

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց պատգամավորներ  Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: Փաթեթը կառաջարկվի ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ նախագծերի մշակումը պայմանավորված է մի շարք քաղաքացիներից ստացված բողոքներով: Հեղինակները մոտ 2 տասնյակ քննարկումներ են ունեցել շահագրգիռ կազմակերպությունների, եկեղեցականների  եւ պաշտոնատար անձանց հետ, ինչի շնորհիվ այժմ ներկայացվել է լրամշակված տարբերակ: Առաջարկվում է կատարել օրենսդրական համապատասխանեցումներ եւ սահմանել, որ ընտանիքի անդամներ են համարվում  ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ եւ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները եւ քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաեւ ամուսինը եւ ամուսնու ծնողները, վերջինների համար՝ նաեւ փեսան եւ հարսը: Գործող օրենքում սահմանված չէ, թե ովքեր են համարվում ընտանիքի անդամներ. ամրագրված է «մահացածի հարազատներ» հասկացությունը:  Առաջարկվում է սահմանել նաեւ «գերեզմանի շահագործող» հասկացությունը, որ նախագծով այն անձն է, որի անվամբ գրանցված է գերեզմանատեղը, եւ դրա հիման վրա էլ տրվել է գերեզմանատեղի վկայական: Գերեզման շահագործողը պատասխանատվություն է կրելու իրեն հատկացված գերեզմանատեղի կառուցման, բարեկարգման եւ շահագործման համար: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անընդունելի համարեց առաջարկությունը՝ հորդորելով փոխել այն: Առաջարկն ընդունվեց:

Նշենք, որ  այս  փոփոխությունները վերաբերելու են  նոր ստեղծվող գերեզմաններին: Փոփոխությունների համաձայն՝ մահացածի աճյունը հողին հանձնելու համար գերեզման շահագործողին մեկ գերեզմանատեղի համար համայնքային գերեզմանատներում անվճար կհատկացվի  2.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5x1.0 մետր չափերով:

Ընտանեկան գերեզմանում հուղարկավորությունը կազմակերպելու համար համայնքի գերեզմանատներում գերեզման շահագործողին անվճար հիմունքներով կտրամադրվի մինչեւ 12.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5x5 մետր չափերով:

Նշվեց, որ Գյումրի քաղաքի հարակից տարածքում տիպային գերեզմանատուն է նախատեսվում  կառուցել:

Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:

Մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը բոլոր համայնքները պարտավոր կլինեն իրենց տարածքում գտնվող գերեզմանատները գրանցել Կադաստրի կոմիտեում, ինչպես նաեւ հաստատված գերեզմանատների կառուցապատման հատակագծերը (օգտագործման սխեմաները) հանձնել լիազոր մարմնին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց Կառավարության կարծիքը՝ բարձրաձայնելով որոշ առաջարկներ: Ըստ նրա՝ հանրապետության բոլոր համայնքներն այսօր գերեզմանատեղերի խնդիր ունեն: Պատգամավորների հարցերին անդրադառնալով՝ Վաչե Տերտերյանն անընդունելի համարեց տոհմական՝ մեծ գերեզմանատեղերի հատկացումը: Նրա գնահատմամբ՝ այս ոլորտն ամենախնդրահարույցներից մեկն է.  բազմաթիվ են հողն ապօրինաբար որպես գերեզման օգտագործելու դեպքերը, ժամանակի ընթացքում դրանք կանխել չի եղել: