Մի կողմ դրե՛ք կույր և անհեռատես քաղաքական անբ...

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «CONCIGLIERI». 3 վերտառությամբ: Նա մասնավորապես դիմում է վարչապետին՝ նշելով, որ վերջինիս լեգիտիմության բնականոն անկումը սկսվել է դեռևս ընտրությունների հաջորդ օրվանից, իսկ այն քիչ թե շատ կոմպենսացնող քաղաքական թիմի օգտակար գործողության գործակիցը՝ զրո է, որի քաղաքական պատասխանատուն վարչապետն է: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

««CONCIGLIERI» .3

Ամեն անգամ որևէ թեմա ընդգծելուց և կարևորելուց առաջ Վարչապետը փորձում է այդ թեման որակել՝ որպես ամենակարևորներից մեկը: Ես համոզված եմ, որ մեր երկրի մեծագույն խնդիրներից մեկը լիդերության մասին Փաշինյանի պատկերացումներն են և դրանց պրակտիկ իրականացումը:

Հարգելի՛ Թիվ Մեկ քաղաքական պատասխանատու, պետք է սովորել Ձեր նախորդներից, ինչպես նաև մեր երկրի այն բոլոր պետական գործիչներից, ովքեր մեծ ներդրում են ունեցել: Փորձե՛ք նրանցից վերցնել այնքան, որքան կկարողանաք, իսկ այդ ամենում շատ են լավն ու օրինակելին: Հավատացե՛ք, որ նրանք, բացի ըստ Ձեզ՝ «թալանելուց, կեղեքելուց», նաև լիդերներ և քաղաքական կառավարիչներ են եղել՝ չնայած իրենց վրա դրված մեծագույն պատասխանատվության բեռին: Դուք էլ այդ ծանրությունը դանդաղ, բայց կարծես սկսել էք ընկալել՝ արդեն իսկ ճաշակելով նաև դրա բացասական կողմերը: Հավատացե՛ք, որ դա Ձեր համար բավականին հրատապ է և ինքնաուսուցողական:

Մի կողմ դրե՛ք կույր և անհեռատես քաղաքական անբարտավանությունը, որը կործանարար է և խանգարում է: Դու՛ք, մեր պետության նախկին առաջնորդներից առավել չեք. վատը չեք և դեռևս չեք էլ մտել կառավարման բազմաշերտ քաղաքական պատասխանատվության և որոշումների ընդունման ծանրության տակ, ինչպես նրանք էին: Ձեր պարագայում ամեն ինչ դեռ առջևում է (երևի՜): Նրանք նույնպես լուծել էին խնդիրներ և դիլեմաներ, որոնք թերևս շատ ավելի բարդ էին և զգայուն, քան դուք եք հիմա փորձում լուծել: Սակայն նրանք հասկացել և գնահատել են մեր հասարակության առջև իրենց պատասխանատվության, հանդարտության պահպանման կարևորությունը, այլ ոչ թե, քիչ թե շատ հնարավորության դեպքում, հասարակությանը դարձրել են ինչ-որ իրողության և խնդրի online դիտորդ և գնորդ: Այս ընկալումները որևէ առնչություն չունեն թափանցիկ աշխատելոճի կամ հաշվետվողականության հետ: Հավատացե՛ք, որ ոչ միշտ և ոչ բոլոր պարագաներում է անհրաժեշտ, որ պետության առաջնորդը լինի այդքան թափանցիկ, ինչպես Դուք եք: Արդյունքում, ոմանք Ձեր թափանցիկության մեջ տեսնում են անվստահություն, ոմանք կեղծավորություն, ոմանք Ձեր անձնական քաղաքական շահը, իսկ ոմանք էլ նաև թուլությունը և անպատրաստվածությունը: Մինչդեռ պետք է հանդես գալ շատ ինքնավստահ և վերջնական լուծման բանալին արդեն գտած, համոզիչ դիրքերից և հիմնավորումներով:

Աշխատե՛ք, չափից շատ աշխատել և շփվեք բացառապես պրոֆեսիոնալ և ոլորտային փորձագետ-մասնագետների և տեխնոկրատների հետ: Այնպես արեք, որ նրանք տարբեր տեսակետներ ունենան և Ձեր ներկայությամբ տեսլականների և լուծումների բախում տեղի ունենա: Միայն այդ դեպքում դուք կունենաք քիչ թե շատ հիմնավոր որոշումների ընտրության հնարավորություն: Հավատացե՛ք, այդ մասնագիտական ռեսուրսի անտեսումը շատ մեծ շռայլություն կլինի թե՛ մեր երկրի և թե՛ Ձեզ համար: Մեր երկրում կա լրջագույն մասնագիտական հանրույթ, որը շոկի մեջ է Ձեր ոլորտային քաղաքականության և այն իրականացնողների ոչ միայն ոչ պրոֆեսիոնալիզմից, այլ մասնագիտական անգրագիտությունից:

Վերջապես որոշ ժամանակահատվածով մեկուսացեք Ձեր «Աքիլեսյան գարշապար» դարձած քաղաքական թիմից և լսեք այլ կարծիքներ և գնահատականներ: Դա կօգնի Ձեզ, նախ որոշակի ժամանակահատվածով քաղաքականապես սթափվել և իրատեսորեն նայել խնդիրներին, ինչպես նաև գնահատել և հետևել Ձեր թիմի ունակություններին՝ սթափ գնահատելով նրա պոտենցիալը և խոտանները: Միևնույն ժամանակ կատեգորիկ վերահսկելի պահեք հենց այդ «թիմի անդամներին»․ մարդկային վատ բնույթը, քաղաքական շահամոլությունը և հատկապես Ձեր կողմից թույլ տրվող փոքր չկողմնորոշվածության կամ թուլության նշույլները կարող են՝ թիմի առումով, շատ արագ Ձեզ լուրջ անակնկալներ մատուցել: Հատկապես, եթե հաշվի առնենք «թիմի» անօրգանական կազմը և քաղաքական, մասնագիտական «բոբիկությունը»:

Հիշե՛ք, որ նրանք օրգանական միասնության մեջ են եղել՝ Ձեզ հետ մերժելու և հեղափոխելու օրակարգով, այլ ոչ թե նորի ստեղծման վերաբերյալ միասնական, մշակված և գաղափարական հիմքով: Այստեղից է նաև Ձեր գաղափարախոսական պատկանելիության մերժման հիմքը և վախն առ այն, որ դրանով դուք ևս մեկ առիթ կստեղծեք Ձեր անօրգանական հեղափոխական պլատֆորմի ճեղքման համար:

Ձեր լեգիտիմության բնականոն անկումը սկսվել է դեռևս ընտրությունների հաջորդ օրվանից, իսկ այն քիչ թե շատ կոմպենսացնող քաղաքական թիմի օգտակար գործողության գործակիցը՝ զրո, որի քաղաքական պատասխանատուն դուք եք և միայն դուք, այլ ոչ թե՝ նրանք»: