
Խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյան: Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախ շնորհավորեց քրդերին Նավրոզի առթիվ, ապա անդրադարձավ օրերս ավագանու նիստին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հնչեցրած հայտարարությանը, երբ ընդդիմությանն ասել էր՝ մարդիկ «փափախով քուրդ» չեն, որ ձեզ հավատան:
«Քուրդ համայնքը կարևոր դեր ու ներկայություն է ունեցել Հայաստանում և պատահական չէ, որ ՀՀ օրենսդրության համաձայն, քուրդ համայնքը ներկայացնում է պատգամավոր: Պարո՛ն Սիմոնյան, օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայքնի նկատմամբ: Որպես ԱԺ նախագահ, ակնկալում եմ, որ Ձեր կողմից դիրքորոշում կլինի՝ առնվազն դատապարտող կարճ արտահայտություն»,- ասաց Մանուկյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ մեր խոսակցականի մեջ արտահայտություններ կան, որոնք հենց ուղիղ իմաստով չեն գործածվում: «Այսինքն, մենք ասում ենք մի բան, որն ասացվածք է և նպատակ չունենք որևէ մեկին վիրավորելու, տարանջատելու: Մենք հաճախ մեր հարևանների ազգությունն անվանելով՝ փորձում ենք իրար վիրավորել այն պարագայում, որ դա ընդամենն ազգության անվանում է: Վստահ եմ, որ պարոն Ավինյանը ոչ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել, ես դրա մեջ ավելի քան վստահ եմ»,- արձագանքեց Սիմոնյանը:
Ի պատասխան Մանուկյանը նշեց, որ գիտեր՝ արդարացումը դա էր լինելու՝ թևավոր արտահայտություն է: «Մեր ժողովորդի խոսույթում այնքան թևավոր արտահայտություններ կան, որ դրանց վրա հղում անելով, կարծում եմ՝ չի կարելի վիրավորել: Ամեն դեպքում, ես որպես պատգամավոր, ներողություն եմ հայցում մեր քուրդ եղբայրներից ու քույրերից, որ Ավինյան ընտանիքի համար սովորական է դարձել մեր հայրենակիցներին վիրավորելը»,- նշեց նա:
Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ ուրախ է, որ հենց Մանուկյանն է այդ հարցը բարձրացնում: «Դուք հայտնի այն պատգամավորներից եք, որը սեռական բնույթի հայհոյանք էր գրել ֆեյսբուքյան էջում այն բոլոր մարդկանց, որոնք քվեարկել են ՔՊ-ին ու դա միակ դեպքը չէ, եթե ուզում եք ներողություն խնդրել այդ ցանկը շատ մեծ է ու կարող եք գրանցվել ու 10 րոպե ներողություն խնդրել»,- ասաց նա: