Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը. համայն...

Մարսելի Աբովյան հայկական վարժարանը հայտնել է վարժարանի երկարամյա նվիրյալ, հոգաբարձու Անի Հովսեփյանի մահվան մասին: Այս մասին հայտնում է Լիբանանում գործող «Արեւելք» պարբերականը:

Նշվում է, որ Անի Հովսեփյանը համայնքի ճանաչված անդամներից էր: Մարսելի հայկական համայնքում քննարկում են նրա ողբերգական մահը: Ֆրանսիայի մեր աղբյուրների համաձայն, Անի Հովսեփյանին սպանել է ամուսինը: Թե ինչ հանգամանքներում է սպանվել նա, հայտնի չէ, սակայն նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ իրենց բնակարանում:

Անի Հովսեփյանը 73 տարեկան էր, արմատներով պոլսահայ, որ 1980-ականներին Ստամբուլից փոխադրվելով Ֆրանսիա, իբրեւ ուսուցիչ մեծ ներդրում է ունեցել համայնքի կրթական կյանքում: Ստամբուլում նույնպես երկար տարիներ ուսուցչություն է արել հայկական վարժարաններում, եղել է նաեւ Գալֆայան տան տնօրենը:

Մարսելահայ համայնքում Անի Հովսեփյանը ներգրավված էր նաեւ եկեղեցական, ազգային կյանքում, թղթակցում էր հայկական մամուլին:

Նրան հիշում են որպես հայերենի եւ հայ գրականության մեծ նվիրյալ, որ իր գիտելիքները փոխանցում էր Մարսելի հայ երեխաներին: Անի Հովսեփյանը նաեւ մասնակցում էր Մարսելի «Հայոց հիշողության հետազոտման եւ արխիվացման միության» աշխատանքներին: