Մարդիկ ընկերներ են ֆեյսբուքում, բայց նրանք իր...

Հայաստանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում «System of A Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը խոսել է ժողովրդավարության հարցում տեխնոլոգիաների դերի մասին.« Տեխնոլոգիաները հիանալի գործիք են ժողովրդավարական շարժումների համար: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը դրա վառ օրինակն է: Հեղափոխության օրերին ֆեյսբուքի դերը, շարունակաբար հեռարձակվող ուղիղ եթերները և դրանց վերջնական արդյունքը փայլուն կերպով ապացուցում են, թե որքան մեծ է տեխնոլոգիաների, բջջային սարքերի դերը քաղաքացիական անհնազանդության գործողություններում»:

Թանկյանը խոսել է նաև համացանցի դրական ու բացասական ազդեցության մասին.« Կարծում եմ` թվային աշխարհը բավական մութ կողմեր ունի: Առաջին հերթին դա մարդկանց միավորումն է: Մարդիկ ընկերներ են ֆեյսբուքում, բայց նրանք իրականում ընկերներ չեն, ինչպես իմ ընկերների մեծ մասը: Հաջորդ լուրջ խնդիրը սոցիալական կայքերով ամեն ինչ ասելու հնարավորությունն է: Մարդկանց թվում է, թե սոցիալական կայքերում իրավունք ունեն ասել ամեն ինչ: Փողոցում դժվար թե մեկը ձեզ մոտենա, ասի` ինձ դուր չի գալիս քո հագուստը, իսկ համացանցում դա հնարավոր է: Համացանցը խոցելի է դարձնում մարդկանց: Գաղտնիության խնդիրը ևս իրականում շատ լուրջ է»: