Մանե Թանդիլյանը կարող է փոխվարչապետի պաշտոն ս...

2020 թվականի օգոստոսի 14-ին շատերի համար անակնկալ կերպով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը․ «Տևական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։

Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր նա։  Պատգամավորը նաև տեղեկացրել էր, որ արգելափակում է իր ֆեյսբուքյան էջը։ 

Այդ օրը տպավորություն էր, թե Թանդիլյանը շատ ծանր վիճակում է, որ անգամ ֆեյսբուքյան էջը վարել չի կարողանա, բայց բոլորի համար զարմանալի կերպով մեկ ամիս անց նա հայտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի կողմից կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության բեմին և բավական առույգ տեսք ուներ։

Պատերազմից հետո լիարժեքորեն հասկանալի դարձավ, որ իր «առողջական խնդիրները» կապված են Նիկոլ Փաշինյանի քաղաքական պլանների հետ։ Դեկտեմբերի 2-ին նա նշանակվեց Արցախի սոցապնախարար։ 

Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Թանդիլյանը, հայտնվելուն պես, ջանք չի խնայում սեփական անձի գովազդի վրա։ Անգամ փոքրիկ աշխատանքը, որ նա անում է լայն լուսաբանվում է։ Չնայած Թանդիլյանի ակտիվությանը, Արցախում շատերը դժգոհ են նրա աշխատանքից, քանի որ նա չի կարողանում ճիշտ կազմակերպել իր աշխատանքը։ Մյուս կողմից բոլորն էլ հասկանում են, որ նա Արցախը օգտագործում է քաղաքականապես ինքնամաքրվելու համար և բոլորն էլ գիտեն, որ առաջիկայում նա պետք է վերադառնա Երևան և կառավարությունում բարձր պաշտոնի անցնի, գուցե անգամ փոխվարչապետի պաշտոն զբաղեցնի։ Ավելին, Արցախում պնդում են, որ Թանդիլյանը ապրիլ ամսին է տեղափոխվելու  Երևան։

Թանդիլյանի նշանակումը Արցախում եղել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Նա Արայիկ Հարությունյանից պահանջել է, որպեսզի Թանդիլյանը հենց սոցապ նախարար նշանակվի, որը պետք է մեծ վարկանիշ ապահովի նրան։  

Փաշինյանն, ըստ էության, պատերազմում զոհված զինվորների արյունն ու Արցախին պատուհասած դժբախտությունը օգտագործում է, որպեսզի Մանե Թանդիլյանին ազդեցիկ քաղաքական ֆիգուր դարձնի, որն էլ հետո պետք է օգտագործվի իր առաջիկա քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու համար։

Հ․Գ․ Ի դեպ գուցե Թանդիլյանն իրականում առողջական խնդիրներ ունի (հիմա դժվար կլինի առողջ մեկին գտնել), բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, այն այդքան էլ անհամատեղելի չէր իր պետական աշխատանքի հետ։