Ադրբեջանի իշխանությունները շարունակում են նվաստացնել Փաշինյանին, իսկ նա հակառակվելու փոխարեն «թուլացել և հաճույք է ստանում»։
Հայաստանի իշխանությունները դակում և հիմնավորում են Ադրբեջանի իշխանությունների բոլոր այն պահանջներն ու պնդումները, որոնք հնչում են պատերազմի դադարից հետո։
Նոյեմբերի 9-ին խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանը պետք է վերադարձներ մեր բոլոր գերիներին և զոհերի բոլոր մարմինները։ Ադրբեջանը ոչ միայն հավատարիմ չմնաց այդ պահանջին, այլև նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ հայ զինվորների գերեվարեց, որոնց հրաժարվեց համարել ռազմագերիներ։
Ինչպես ցույց տվեց ժամանակը, Հայաստանի իշխանությունները ևս համաձայն են, որ նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածները ռազմագերիներ չեն։ Երեկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն, ըստ էության, հաստատեց ադրբեջանական այս թեզը․ «Այնուամենայնիվ, այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում»,-արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ ասել է վարչապետի մամուլի խոսնակ Գևորգյանը։
Ինչպես տեսնում եք Գևորգյանը ընդունում է, որ Ադրբեջանում մենք «այլ պահվող անձիք» ունենք, ովքեր ռազմագերիներ չեն։