«Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բ...

Ալիևի հայտարարություններն ինձ համար աղբյուր չեն, որին կարող եմ վստահել և դրանց հիման վրա հետևություներ անել: ԱԺ ճեպազրույցների ընթացքում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում Արցախյան հիմնախնդիրը միշտ քննարկումների, նաև տարբեր շահարկումների առարկա է եղել, բայց Հայաստանում, ըստ Մարուքյանի, չի եղել մի իշխանություն, որը պատրաստ է եղել գնալու ոչ հայանպաստ լուծման.

«Երբ կլինի կոնկրետ բանակցություններ, կոնկրետ փաստաթուղթ, որով կառաջարկվի այդպիսի լուծում, այդ իշխանությունն անմիջապես կհեռացվի իշխանության ղեկից»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները վաղ թե ուշ վերականգնվելու են.

«Այլ բան է, որ հուլիսյան մարտերից հետո մենք կարողանանք ամրապնդել ապրիլյանից հետո մեր ունեցած մոտեցումները, այսինքն՝ այն, ինչ այն ժամանակ չի արվել, դրանք բերել օրակարգ»,- ընդգծեց պատգամավորը:

Խոսելով ներքաղաքական կյանքի մասին՝ Էդմոն Մարուքյանն ասաց՝ համագործակցում են տարբեր ուժերի հետ, միասնական որոշակի նախագծեր իրականացնում, եթե օրակարգերը համընկնում են.

«Մինչ օրս մեր օրակարգը համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ կապված ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով և այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ, և դրանք ստեղծվել են: Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և այդտեղ նոր բան չկա, երբ որևէ ընդդիմադիր ուժ հանրահավաք է կազմակերպում»,- նշեց Մարուքյանը՝ անդրադառնալով երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի նախաձեռնած հանրահավաքին՝ հավելելով, որ հանարահավաքի օրակարգին ծանոթ չէ:

Հարցին, թե եթե հրապարակում հնչի կառավարության հրաժարականի պահանջ, ԼՀԿ-ն կմիանա՞, Մարուքյանն արձագանքեց՝ եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, ապա խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց:

««Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա այդ հայտարարությանը, «Լուսավոր Հայաստանը» ինքն է որոշում՝ ինչ հայտարարի: Եվ եթե պետք լինի մեր նախաձեռնած հարցի շուրջ կոնսոլիդացիա, մենք կնախաձեռնենք հանդիպումներ: Իշխանության հրաժարականի կոչերն էլ պետք է ունենան հստակ կառուցվածք»,- ընդգծեց Մարուքյանը: