Լավրովյան նոր պլա՞ն

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։

Մինչ այդ հանդիպումը, որը թերեւս Ղարաբաղի մասով կարելի է համարել տարվա ամփոփիչը, բավական ակտիվ եւ նախաձեռնողական գիծ է որդեգրել ՌԴ ԱԳ նախարարությունը, թեեւ Մոսկվային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասով անհնարին է համարել ոչ-նախաձեռնող։

Ռուսաստանի թիվ մեկ դիվանագետ Սերգեյ Լավրովի այցը նախ Երեւան եւ ապա Բաքու եւ արած հայտարարությունները Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին, Հայաստանից Արցախից եւ Ադրբեջանից լրագրողների փոխայցը Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու եւ Հայաստանի կառավարական պատվիրակության առաջիկա այցը Բաքու արդեն իսկ խոսում է այն մասին, որ դիվանագիտական ճակատում եռուզեռ է։

Հասկանալի է, որ ընդհանուր տրամադրությունը մեկն է՝ ժողովուրդներին՝ հայկական կողմը ներկայացնող Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներին եւ Ադրբեջանի ժողովրդին նախապատրաստել խաղաղության, որին կարելի է հասնել վստահության մթնոլորտի ձեւավորման միջոցով, ինչին միտված են հումանիտար միջոցառումները։

Սերգեյ Լավրովն այսօր այդ շփումների մասին խոսել է նաեւ Բաքվում։ Նա կարեւոր է համարել, որ շփումներ լինեն ԼՂ հայկական համայնքի, այսինքն Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի միջեւ։

Այստեղ պետք է Լավրովի խոսքում բավական մի նրբերանգ որսալ։ Ռուսաստանի ԱԳ նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասին, որը կազմակերպություն է ըստ էության, որը Բաքվի կողմից է ստեղծած եւ իբրեւ թե ներկայացնում է ԼՂ-ում ժամանակին բնակված ադրբեջանցիներին։

Ի դեպ, վերջինիս նախագահը մասնակցել է Հայաստանից Բաքու մեկնած լրագրողների հետ հանդիպմանը։ Լավրովը ըստ էության շեշտել է այս կառույցը, ԼՂ հայ համայնք դիտարկելով պաշտոնական Ստեփանակերտը, փաստորեն։

Սա իրականում կարող է հիմք դառնալ Ստեփանակերտի՝ բանակցային սեղան վերադարձի, երբ դրա ժամանակը գա եւ երբ բանակցային այդ հանգրվանին հասած լինեն, ըստ Մադրիդյան պլանի, որով՝ քանի որ ԼՂ հողում ապրող բոլոր մարդիկ են որոշում կայացնելու, նաեւ մյուս կողմում կնստեղնեն նշված կազմակերպության ղեկավարին, որ «իրար հետ լեզու գտնեն, քանի որ իրար հետ են ապրելու՝ նույն հողի վրա», ըստ Մադրիդյան սկզբունքների։