ԿԸՀ-ն կքննի Արման Բաբաջանյանի մանդատի հարցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ին ժամը 15:00-ին կայանալիք նիստում քննարկելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական 18-րդ մանդատը վերադարձնելուն:

Ավելի վաղ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ գրությամբ դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը»,-նշել էր Մարուքյանը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ ընտրությունների արդյունքում ստացել էր 18 մանդատ, սակայն խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: