Կրկին կեղծիք․ Հայաստանի կառավարությունը տարած...

Մարտի 5-ին վարչապետի աշխատակազմը հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացնում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր. «Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը:

Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմի գնահատականների և բարեփոխումների ասպարեզում օժանդակություն տրամադրելու պատրաստակամության համար»։

Ինչպես ևս սպասելի էր, վարչապետի աշխատակազմը այս անգամ էլ կեղծել է հեռախոսազրույցի բովանդակությունը (կամ հեռախոսն անջատելուց հետո Նիկոլ Փաշինյանի բարձրաձայն հնչեցրած մքտերը ևս ներկայացվել են, որպես հեռախոսազրույցի բովանդակություն)։ 

ԱՄՆ պետդեպարտամենը նույն հեռոխոսազրույցի մասին տարածել է հաղորդագրություն, որում ասվում է․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք շեշտել են ԱՄՆ-Հայաստան երկկողմ գործընկերության կարևորությունը։ Պետքարտուղարն ընդգծել է օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքի կարևորությունն ու մեր շարունակական աջակցությունը հայտնել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու ինստիտուտների զարգացմանը։ Պետքարտուղարը ողջունել է ջանքերը՝ ուղղված ի բարօրություն տարածաշրջանի ժողովրդի ԼՂ հակամարտության տևական քաղաքական կարգավորման ձեռքբերմանը»։

Ինչպես նկատեցիք ԱՄՆ պաշտոնական տարբերակում խոսք անգամ չկա Մինսկի խմբի մասին, գերիների մասին, ինչպես նաև ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումների մասին։ Այս ամենն առկա է միայն Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այս հեռախոսազրույցից առաջ էլ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը կեղծել էր ՌԴ նախագահ Պուտինի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը։ Միջադեպն այնքան տհաճ էր, որ ռուսական կողմը ստիպված եղավ հերքել Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության բովանդակությունը։